Ժամանակակից աշխարհում չկա անվտանգության ավելի գործուն երաշխիք, քան դելիմիտացված սահմանը: Այս մասին, այսօր՝ մայիսի 29-ին, ԱԺ-ի բակում լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Եթե որեւէ մեկը կասի, որ երկրագնդի վրա կա ավելի գործուն երաշխիք, դուք դրան պետք է չհավատաք: հետեւաբար, այն գյուղերի եւ այն հատվածներում, որտեղ ունենք դելիմիտացված սահման, այդտեղ ապահովված է անվտանգության ամենաբարձր հնարավոր երաշխիքը»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Կիրանցում տներ կորցրած բնակիչների փոխհատուցման հետ կապված հարցերին, վարչապետն ասաց. «Դուք չեք կարող վստահ լինել, թե ինչ է տեղի ունենում փոխհատուցման կամ աջակցության ծրագրերում: Որովհետեւ այդ ծրագրերը իրականացվում են գաղտնի որոշումներով: Դրանք գաղտնի են, որովհետեւ պարունակում են անհատական տվյալներ: Ես գիտեմ՝ ինչ է տեղի ունենում, եւ այն պաշտոնյաները, որոնք հասանելիություն ունեն այդ տեղեկատվությանը, թե այդ ոլորտում ինչ է կատարվում եւ այն քաղաքացիները, որոնք դիմել են եւ ստացել են: Ուրիշ որեւէ մեկը չի կարող ասել, որ գիտի»:
Հարցին՝ ի՞նչ են անելու, եթե որոշ ծնողներ Կիրանցում հրաժարվեն դպրոց տանել իրեն երեխաներին, քանի որ դպրոցը կարող է մոտ լինել սահմանին, վարչապետը կարևորեց, որ այդ հարցերը քննարկվելու են դպրոցականների ու նրանց ծնողների միջև․ «Նրանց ցանկությամբ կհասնենք որոշման, լրացուցիչ անվտանգային ծրագրեր կիրականացնենք։ Եթե դա էլ մեր ծնողներին չբավարարի, մենք գյուղի այլ հատվածում նոր դպրոց կկառուցենք, իսկ հին շենքը կամրացնենք սահմանապահ ծառայությանը, քանի որ ծառայությունն էլ ունի շենքային պայմանների կարիք»։