Ռուսաստանը պատրաստ է օգնել Հայաստանին ջրհեղեղից տուժած տարածքների վերականգնման հարցում: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանը չի արձագանքել օգնության առաջարկին։

«Մենք տեսել ենք դրական արձագանք և կրկնում ենք, որ բոլոր առաջարկներն ակտուալ են... Եվ որպես դաշնակիցներ մենք միշտ պատրաստ ենք ուս տալ՝ ելնելով Երևանի կարիքներից»,- ասաց Զախարովան՝ հիշեցնելով, որ Մարդասիրական արձագանքման ռուս-հայկական կենտրոնն անմիջապես միացել է հետևանքների վերացմանը և անհրաժեշտ տեխնիկան փոխանցել Հայաստանի իշխանություններին։


Նա հիշեցրեց, որ 102-րդ բազայի ուժերով ու միջոցներով օգնելու պատրաստակամությունը հայտնել է ՌԴ ՊՆ-ն։ Օգնության տրամադրման հարցը քննարկում են նաեւ Հայաստանում գործող մի շարք ռուսական ընկերություններ, մասնավորապես՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը, որը սպասարկում է Երեւան-Թբիլիսի երթուղին։

«Այն այս օրերին ակտիվորեն զբաղված է երկաթուղային տրանսպորտի վերագործարկմամբ։ Վայր են ուղարկվել տարբեր պրոֆիլների մասնագետներ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ միասին լուծումներ են փնտրում բարդ խնդիրների համար։ Եվս մեկ անգամ մեր ցավակցությունն ենք հայտնում մոլեգնող աղետի հետևանքով զոհվածների ընտանիքներին և ընկերներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում։ Մենք նաև կտրամադրենք բոլոր անհրաժեշտ օգնությունը՝ ջրհեղեղից տուժած շրջաններում բնականոն կյանքը վերականգնելու համար»,- նշել է Զախարովան։