ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը այն աստիճան է անկում ապրել, որ այլևս չի կարող իրագործել Գազայի հատվածում 8-ամսյա հակամարտությանը սկիզբ դրած հարձակումը, հայտնել է CNN-ը։
Նախագահը ներկայացրել է Իսրայելի՝ երեք քայլից բաղկացած առաջարկը՝ հայտարարելով, որ «եկել է այս պատերազմին վերջ տալու ժամանակը»:
«Ներկա պահին ՀԱՄԱՍ-ն այլևս ի վիճակի չէ իրագործել հոկտեմբերի 7-ի պես քայլ, որն այս պատերազմում Իսրայելի հիմնական նպատակներից մեկն է»,- հայտարարել է Բայդենը։
Իսրայելի եռաստիճան առաջարկը ներառում է պատանդների ազատ արձակումը՝ ամբողջական զինադադարով հանդերձ:
Առաջին փուլը կտևի վեց շաբաթ և կներառի իսրայելական զորքերի դուրսբերումը Գազայի բոլոր բնակեցված շրջաններից և մի շարք պատանդների, նրանց թվում՝ կանանց, ծերերի և վիրավորների ազատ արձակումը՝ հարյուրավոր պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակման դիմաց:
Երկրորդ փուլը հնարավորութոյուն կընձեռի փոխանակել մնացած կենդանի պատանդների, նրանց թվում՝ տղամարդ զինվորների ազատ արձակման համար։ Երրորդ փուլում կսկսվի Գազայի վերականգնման մասշտաբային ծրագրի իրագործումը: