Երկրի առջև ծառացած խնդիրների և Մաքսային միության հարցերը քննարկելու համար «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն առաջարկում է կազմակերպել ՀՀ նախկին երկու նախագահներ Լևոն Տոր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի և ներկա նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը, որը կլինի 3+2 ֆորմատով և որին կմասնակցեն նաև ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը և ներկայիս նախագահ Բակո Սահակյանը:
Հայտարարելով այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում Գ. Իսագուլյանը նշեց, որ այս հանդիպումը կազմակերպելու խնդրանքով առանձին-առանձին դիմելու է բոլորին: Նա նաև նշեց, որ արդեն պատրաստվում է պաշտոնապես դիմել Սերժ Սարգսյանին:
«Նվազագույնը պետք է լինի ՀՀ երկու նախագահ, թե որ երկուսը, դա էական չէ», - նշեց նա, հավելելով, որ դա կբերի նոր մտքերի , նոր գաղափարների ներկայացման:
Նա նաև հայտարարեց, որ արդեն երեք տարի է ինչ ՀՀ նախագահների միջև քննարկման ֆորմատով որևէ հանդիպում չի եղել : «Միգուցե միայն բարևել են, սակայն քննարկում չի եղել»,- նշեց նա:
Նա նաև նշեց, որ բոլոր երեքի հետ էլ հնարավորություն ունեցել է խնջույքների մասնակցելու և պատմեց, որ դրանց ժամանակ նույն թամադան առանձին-առանձին բոլոր երեքին էլ վերագրում է երկրի հաջողությունը:
Լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք իրական է նման հանդիպումը, բանախոսը պատասխանեց, որ նախագահները միգուցե միմյանց հետ չեն խոսում, սակայն երկրի վտանգների շուրջ խոսելու համար պարտավոր են հանդիպել: