Ներկայումս ակնհայտ են դառնում, որ Հայաստանի տնտեսությունում առկա են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին մարտահրավերներ: Մեզ համար ոչ ստանդարտ իրավիճակ է, ոչ միայն կողմնորոշման, այլ նաև ազգային մոդելի առումով: Այս մասին այօսր հրավիրված ասուլիսի ժամանակ ասած տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:

Վերջինս խոսելով Հայաստանի տնտեսության ներկայիս վիճակի մասին, նշեց, որ չնայած աշխուժացում կա, բայց առանձին ճյուղերում առաջընթացը դանդաղել է:
«Շինարարության բնագավառում արտադրական տարածքների շինարարությունը մեծ ծավալ չունեցավ: Այստեղ ստվերը մեծ է: Գերհագեցած վիճակում է անշարժ գույքի շուկան, գները կարող են կտրուկ անկում ապրել, որովհետև նման իրավիճկաներում շուկան պետք է արձագանքի պահանջարկին, ինչը մեզ մոտ տեղի չի ունենում»,-իր խոսքում նշեց Թաթուլ Մանասերյանը:

Տնտեսագետը նշեց, որ արտահանման ծավալները նվազել են, քանի որ ներդրումներ տեղի չեն ունենում:

Խոսելով կառավարության գործունեության մասին, տնտեսագետը նշեց, որ չնայած վերջին տարիներին կառավարությունը գործարար ծրագրեր է իրականացնում, սակայն դա դեռ բավական չէ:

«Կառավարությունը վերարժեվորում է իր դերը: Պետք է արհեստական երկչոտությունը մի կողմ դնել, չկա այդպիսի պետություն, որը չի մասնակցել բիզնեսի, տնտեսության կառավարմանը և ժամանակն էր, որ Հայաստանի կառավարությունը դա հասկանար և ընդուներ: Ոչ թե բիզնեսը պետք է գա միայն դեպի կառավարություն և խնդրի, որ աջակցի ծրագրերին, այլ նաև հակառակը պետք է տեղի ունենա՝ կառավարությունը ինքը ևս պետք է գնա դեպի գործարար աշխարհ և գտնի այն ճյուղերը, որոնք աջակցության կարիք ունեն»,-նշեց Թաթուլ Մանասերյանը:

Վերջինս նշեց, որ կառավարությունը պետք է կրճատի ստվերային տնտեսությունը: Լրագրողի այն հրացին, թե արդյոք կառավարությունն ի վիճակի է կրճատել ստվերային տնտեսությունը, քաջ գիտակցելով մենաշնորհների հետևում կանգնածներին, տնտեսագետն ասաց.

«Կառավարությունը շատ լավ գիտի բոլորի տեղերը, անգամ արևածաղիկ վաճառողի տեղը: Շատ հանգիստ պետք է բերի հարկային դաշտ: Կառավարությունը շատ լավ գիտի նաև միկրո բիզնեսի աղբյուրները: Մնում է, որ ցանկանա և անի»:
Տնտեսագետը նշեց, որ ստվերային տնտեսության կրճատման հաշվին կառավարությունը շատ ավելին կարող է անել:

«էն համեստ թվերը, որով աճում են կենսաթոշակները և աշխատավարձերը, դա մեր համար սահման չէ: Շատ ավելին կարող է անել: Մենք ստվերի հաշվին շատ մեծ ռեսուրսներ ունենք: Մենաշնորհները լրիվ արտոնյալ վիճակում են»,-իր խոսքում նշեց տնտեսագետը: