2024 թվականի հունիսի 4-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 78-րդ նստաշրջանի շրջանակներում ընդունել է Վրաստանի և աշխարհի տարբեր տարածաշրջանների 63 երկրների նախաձեռնած բանաձեւը, որի վերնագիրն է՝ «Աբխազիայից (Վրաստան) և Ցխինվալի տարածաշրջանից (Հարավային Օսիա, Վրաստան) ներքին տեղահանված անձանց և փախստականների կարգավիճակի մասին»,- հայտնում է SOVA-ն։

Բանաձևը ճանաչում է ներքին տեղահանվածների և Վրաստանի օկուպացված տարածքներից տեղահանվածների՝ Աբխազիայի և Ցխինվալի օկուպացված շրջաններում իրենց տները վերադառնալու իրավունքը։

Բանաձեւին աջակցել է 103 երկիր, 9 երկիր դեմ է քվեարկել բանաձեւին, իսկ 52 երկիր չի մասնակցել քվեարկությանը։

«Բանաձևը դատապարտում է Վրաստանի ռուսաստանյան օկուպացված շրջաններում բռնի ուժով իրականացված ժողովրդագրական փոփոխությունները, հաստատում է ներքին տեղահանվածների իրավունքը՝ անկախ էթնիկ պատկանելությունից՝ վերադառնալու իրենց տները արժանապատվորեն և ապահով կերպով, և ընդգծում է նրանց սեփականության իրավունքի պաշտպանության անհրաժեշտությունը։


Բանաձևը նաև կոչ է անում Ժնևի բանակցողներին ակտիվացնել ջանքերը Ռուսաստանի կողմից օկուպացված Վրաստանի շրջաններում անվտանգության և մարդու իրավունքների վիճակի բարելավման ուղղությամբ, ինչը, իր հերթին, կնպաստի ներքին տեղահանվածների և փախստականների վերադարձին իրենց տներ»: Այս մասին ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։


Բանաձևին կողմ չքվեարկած երկրներն են՝ Բելառուս, Բուրունդի, Կուբա, Հյուսիսային Կորեա, Մալին, Նիկարագուա, Ռուսաստան, Սիրիա, Զիմբաբվե։

Նշենք, որ Չինաստանը չի մասնակցել քվեարկությանը։

Իսկ Հայաստանն առաջին անգամ պաշտպանել է բանաձեւը։