Նոր թղթադրամներն աստիճանաբար, դանդաղ կփոխարինեն ներկայում շրջանառության մեջ գտնվողներին, որոնց վրա պատկերված է 2022թ. սեպտեմբերին մահացած Եղիսաբեթ II թագուհին՝ դրանց մաշվելուն զուգընթաց, իսկ դրանք այնքան էլ շուտ չեն մաշվի, որովհետեւ պատրաստված են ճկուն պլաստիկից։
Չառլզ III-ը երկրորդ բրիտանացի միապետն է, որի դիմանկարը հայտնվել է թղթադրամներին։ Առաջին անգամ միապետի պատկերը սկսել են թղթադրամ ֆունտերի վրա տպագրել 1960թ., եւ այդ ժամանակ գահին Եղիսաբեթն էր, նա այդ ժամանակ թագավորում էր արդեն ութ տարի։
«Սա պատմական պահ է. մենք առաջին անգամ փոխում ենք սուվերենի պատկերը մեր թղթադրամների վրա»,- ասել է Անգլիայի բանկի կառավարիչ Էնդրյու Բեյլին։
Թղթադրամների դարձերեսին մնացել են նախկին դեմքերը՝ հինգ ֆունտանոցի վրա Ուինսթոն Չերչիլն է, տասանոցին՝ գրող Ջեյն Օսթինը, քսան ֆունտին՝ նկարիչ Ջոզեֆ Թըրները, հիսուն ֆունտին՝ մաթեմատիկոս Ալան Թյուրինգը։
Շոտլանդիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի մի քանի բանկեր Անգլիայի բանկի հետ համաձայնությամբ թողարկում են սեփական շոտլանդական եւ իռլանդական ֆունտեր, եւ նրանց թղթադրամների վրա ոչ միապետ կա, ոչ էլ այդ հանրահայտ անգլիացիները։
Չառլզ III-ի պատկերով առաջին թղթադրամները Անգլիայի բանկը տպագրել էր դեռ անցած տարի, բայց դրանք մինչ այժմ շրջանառության մեջ չեն մտցրել, քանի որ նման դրամ ընդունող սարքերը դեռ չեն վերասարքավորվել;
Թագավորի դիմանկարը փողերի վրա արվել է 2013թ. լուսանկարից։
Ապրիլին Չառլզ III-ին նվիրել են նոր թղթադրամների հավաքածու՝ առաջին սերիական համարներով։
Անգլիայի բանկի կառավարիչ Էնդրյու Բեյլին ասում է, որ բանկը հասկանում է, որ շատ բրիտանացիների համար դեռեւս կարեւոր է ունենալ կանխիկ վճարելու հնարավորություն, եւ դրա համար կպահի թղթադրամներն ու մետաղադրամները շրջանառության մեջ այնքան ժամանակ, քանի դեռ դա անհրաժեշտ է հասարակությանը։
Կանխիկ դրամով գնումների բաժինը Բրիտանիայում, ինչպես եւ շատ այլ երկրներում, վերջին տասը տարիներին սրընթաց ընկնում է. 2013թ. այն կազմում էր ավելի քան 50 տոկոս, 2022թ.՝ 15։ 2023թ.բարձր գնաճի պատճառով այն բարձրացել է՝ հասնելով 19 տոկոսի։