Նախնական տվյալներով` պայթել է հեղուկ գազի ցիստեռնը, և այս պահին էլ կա պայթյունի վտանգ:Այս մասին հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը: Նա հայտնեց, որ ավելի քան 30 մարտական հաշվարկ է աշխատում դեպքի վայրում, հովացման եւ հրդեհաշիջման աշխատանքներ են կատարվում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 6-ին, ժամը 23:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից տասներկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Փրկարար ուժերի վարչության Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։
Ըստ նախնական տվյալների՝ կան տուժածներ։ Դեպքի վայրում է գտնվում ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը։