Մաքսային միությանը միանալու նախագահ Սարգսյանի հայտարարությունը և դրա նկատմամբ վերջինիս վերաբերմունքը ԱԺ պատգամավոր, Քրիստոնեա-դեմոկրտական միության ղեկավար Խոսրով Հարությունյանին անակնկալի չի բերել:

Նա համոզված է, որ նախագահի վերաբերմունքը ՄՄ-ին և ԵՄ-ին համաչափելի է: «Համոզված եմ, որ Եվրոպան չի էլ կասկածել, որ եթե մեր առջև դրված լիներ երկընտրանք` Ռուսաստան, թե Եվրոպա, մենք ում կընտրեինք. դա պարզ է նաև եվրոպացիների համար: Բայց չգիտես՝ ինչու եվրոպացի չինովնիկները շարունակում են պնդել, որ իրենց համար անակնկալ էր ՄՄ-ին միանալու որոշումը: Թող ների ինձ պարոն Ֆյուլեն, բայց չեմ հասկանում` ինչի մասին է նա մտածում: Մի՞թե եվրոպացիները չգիտեին, որ մենք ստեղծել ենք աշխատանքային խումբ: Նախագահը ճիշտ ժամանակին այդ հայտարարությունն արել է: Պարոն Ֆյուլեն հեռուն տեսնել չկարողացող քաղաքական գործիչ է»,- ասաց Հարությունյանը:

Նա նաև զարմանք հայտնեց, թե Հայաստանը ինչի համար է պետք այդ երկու գերմիություններին: «Ես չեմ հասկանում` էս փոքր Հայաստանը նրանց ինչի՞ն է պետք: Խնդիրը լուրջ է: Այն ոչ աշխարհատնտեսական է, ոչ էլ քաղաքական, պարզապես այս տարածքում նրանց պետք է Հայաստանի միջոցով սեփական դիրքերն ամրապնդել»,- դիտարկեց պատգամավորը:
Նրա գնահատամամբ` եվրոպացիները պետք է կարողանան վճռել և ընդունել, որ ցանկացած քաղաքական որոշում իր գինն ունի, և Հայաստանի իշխանությունները պետք է քաղաքական ողջամտություն ցուցաբերեն: «Ինչպես եվրոպացիներն են սիրում ասել, գնդակը եվրոպացիների դաշտում է, և մենք պետք է փոքր քայլերի քաղաքականությամբ առաջ շարժվենք. կծենք փոքր կտոր, որպեսզի կարողանանք կուլ տալ»,- բնութագրեց Հարությունյանը: