ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը հայտնել է, որ միջազգային իրավունքի համապատասխան՝ Ուկրաինան իրավունք ունի գրոհել ռազմական օբյեկտները Ռուսաստանի տարածքում, որպեսզի պաշտպանի իրեն։ Նա այս հայտարարությամբ հանդես է եկել ուրբաթ, դաշինքի նոր անդամ Շվեդիա կատարած այցի ժամանակ, տեղեկացրել է Reuters-ը։
«Ուկրաինան ինքնապաշտպանության իրավունք ունի,- ասել է Սթոլտենբերգը Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնի հետ մամուլի ասուլիսում, Ստոկհոլմի ռազմակայանում։- Ինքնապաշտպանության իրավունքը ներառում է նաեւ հարվածներ օրինական ռազմական թիրախներին հարձակվող կողմի, ագրեսորի, տվյալ դեպքում՝ Ռուսաստանի տարածքում»։
«Սա ագրեսիվ պատերազմ է, որը Ռուսաստանն սկսել է խաղաղ, դեմոկրատական հարեւան երկրի՝ Ուկրաինայի դեմ, որը ոչ մի անգամ սպառնալիք չի ներկայացրել Ռուսաստանի համար»,- նշել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը։
Նա ավելացրել է, որ կասկած չկա, որ Ուկրաինան հարվածելու իրավունք ունի ռուսական տարածքում գտնվող թիրախներին։