Սլովակիայում, Իտալիայում, Լատվիայում, Չեխիայում եւ Եվրամիության այլ երկրներում ընտրողները շաբաթ օրը քվեարկում են Եվրախորհրդարանի ընտրությունների երրորդ օրը, տեղեկացրել է АР-ը։

Սլովակիայում ընտրությունները մթագնվել են պոպուլիստ վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի մահափորձով մայիսի 15-ին, ինչը շոկ է առաջացրել 5,4 մլն բնակչություն ունեցող երկրում եւ արձագանք ողջ Եվրոպայում։ Վերլուծաբանների կարծիքով՝ հարձակումը կարող է բարձրացնել վարչապետի Smer ձախ արմատական կուսակցության՝ կառավարող կոալիցիայի ավագ գործընկերոջ հաղթանակի շանսերը քվեարկությունում։

Իտալիայում 18 եւ բարձր տարիքի քաղաքացիները երկու օրվա ընթացքում քվեարկելու են Եվրախորհրդարանի 76 տեղերի համար՝ սկսած շաբաթ օրվանից։

Երկրի վարչապետ Ջորջիա Մելոնին, ինչպես սպասվում է, հաղթանակ կտանի։ Թեեւ սպասվում է, որ քվեարկության արդյունքները չեն ազդի կառավարող կոալիցիայի ուժերի հավասարակշռության վրա, դրանք կարող են ընդլայնել Մելոնիի ազդեցությունը Եվրամիությունում, քանի որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը չի բացառել նրա խմբի հետ կոալիցիայի ստեղծումը։

Օգտվելով իր ժողովրդականությունից՝ Մելոնին առաջադրվում է որպես նախընտրելի թեկնածու, թեեւ մտադիր չէ տեղ զբաղեցնել Եվրախորհրդարանում։

Լատվիայի, Մալթայի, Չեխիայի ընտրողները նույնպես քվեարկում են շաբաթ օրը։ Վերջնական արդյունքները կհրապարակվեն միայն կիրակի երեկոյան, երբ քվեարկեն բոլոր երկրները։

Քվեարկության հիմնական օրը կիրակին է, երբ եվրոպական 20 երկրների քաղաքացիները, ներառյալ Գերմանիան, Ֆրանսիան եւ Լեհաստանը, կքվեարկեն 720 տեղերի համար Եվրախորհրդարանում։

Տեղերը բաշխվելու են բնակչության թվաքանակից կախված. Մալթայի կամ Լյուքսեմբուրգի համար վեց տեղից մինչեւ 96 տեղ Գերմանիայում։

Մինչ այդ, հունիսի 6-ին, Եվրախորհրդարանի ընտրություններ էին կայացել Նիդեռլանդներում։