ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենը հաստատում է Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների շրջանակներում տարբեր ոլորտներում ցուցաբերվող աջակցությունը։ Այս մասին նա հայտարարել է Հայաստանի եւ ԱՄՆ միջեւ Ռազմավարական երկխոսության եզրափակիչ հանդիպման բացմանը։

Ինչպես նշել է պետքարտուղարի տեղակալը, վերջին տարիներին Հայաստանի ժողովուրդը բազմիցս հաստատել է բարեփոխումների իր ցանկությունը, և վարչապետ Փաշինյանի գլխավորած կառավարությունը քայլեր է ձեռնարկել այդ ուղղությամբ, ինչը թույլ կտա Հայաստանին ինտեգրվել համաշխարհային տնտեսությանը՝ տալով Հայաստանի ժողովրդին ժողովրդավարական միջավայրում ավելի ազատ արտահայտվելու հնարավորություն։

Մեր կողմից Միացյալ Նահանգները հպարտ է իր ներդրումն ունենալ այս ջանքերում, և ընդհանուր առմամբ սա հիմք է ապագա աշխատանքի համար։ Օ'Բրայենի խոսքով, վերջին տարիներին Հայաստանում տնտեսությունը ակտիվորեն զարգանում է, և դա տարածաշրջանում հատկանշական է իր տեմպերով։ Ամերիկացի պաշտոնյան հավելեց, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած հանդիպմանը նշվել են փոխադարձ տնտեսական համագործակցության լայն հեռանկարներ՝ համաշխարհային տնտեսության մեջ Հայաստանի մասնաբաժինն ավելացնելու համար. «Մեր երկու երկրներն այսօր համաձայնագիր կստորագրեն մաքսային ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին, դա կհեշտացնի առևտուրն ու բիզնեսը առաջիկա տարիներին, սա Բրյուսելում քննարկված խոստումների մի մասն է»,- ասաց նա։


Պաշտոնյայի խոսքով, Հայաստանում քաղաքական զարգացումները արտացոլում են ՀՀ ժողովրդի ժողովրդավարական նկրտումները. «Մենք գոհ ենք ՀՀ կառավարության քայլերից, որոնք մասամբ ձեռնարկվել են մեր օգնությամբ՝ դնելով իշխանությունը. օրենքն առաջնագծում է` ակտիվացնելով կոռուպցիայի դեմ պայքարը և հնարավորություն տալով մարդկանց արտահայտել իրենց կարծիքը: Մենք դյուրացնում ենք այս բոլոր քայլերը՝ աշխատելով թե՛ կառավարության, թե՛ տեղական մակարդակով։ Ակնկալվում է նշանակալի աշխատանք»,-ասաց Օ'Բրայենը` հավելելով, որ ԱՄՆ-ը հասկանում և առաջ է մղում Երևանի համար երեք կարևորագույն ոլորտները` անվտանգություն, բարգավաճում, ժողովրդավարություն:

«Մենք նաև նպաստում ենք տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին՝ ընդլայնելով տնտեսական հնարավորությունները՝ Կենտրոնական Ասիայից մինչև Միջերկրական ծով: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տեւական խաղաղության հաստատման դեպքում այդ հնարավորություններն ավելի լայն կդառնան։ Այս առումով մենք ուրախ ենք մեր ներդրումն ունենալ ջանքերին»,- ասել է պետքարտուղարի տեղակալը:


Նա հաստատեց ամերիկյան կողմի պատրաստակամությունը զարգացնելու համագործակցությունը տարբեր ոլորտներում՝ արդարադատությունից մինչև պաշտպանություն. «Մենք գոհունակությամբ նշում ենք անցած տարի առաջին համատեղ զորավարժությունների անցկացումը։ Պարենային անվտանգության առումով Հայաստանը պետք է լուծի սեփական կարիքների բավարարման հարցը, և ԱՄՆ-ն պատրաստ է օգնել դրան», ասաց պետքարտուղարի տեղակալը։

«Համագործակցությունն ավելի խորն ու ամուր է, քան նախկինում։ Նախատեսվում է ռազմավարական երկխոսությունը բարձրացնել ռազմավարական հանձնաժողովի մակարդակի, ինչը հնարավորություն կտա էլ ավելի խորը համագործակցության, ինչի վկայությունն է ուղեկցող պատվիրակության ներկայացուցչական մասնակցությունը»,- նշեց Օ՛Բրայենը։

Հիշեցնենք, որ պետքարտուղարի տեղակալի ակնարկած «տնտեսական հնարավորությունները Կենտրոնական Ասիայից մինչև Միջերկրական ծով» ոչ այլ ինչ են, քան Միջին միջանցք։ Հայաստանի դեպքում, ըստ ամենայնի, խոսքը Թուրքիայից Ադրբեջան տանող ճանապարհի մասին է՝ Նախիջեւանով (ԱՀ) եւ Հայաստանի Սյունիքի մարզով։ Բաքուն և Անկարան պահանջում են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հատուկ կարգավիճակ։