Թուրքիայի ԱԳՆ-ն ՄԱԿ Անվտանգության խորհրդի ընդունած բանաձեւը Գազայում հրադադարի մասին անվանել է հակամարտության դադարեցման կարեւոր քայլ եւ նշել է, որ Իսրայելը պետք է լիովին կատարի բոլոր պայմանները։
«Մենք ՄԱԿ ԱԽ հունիսի 10-ի ընդունած բանաձեւը համարում ենք կարեւոր քայլ Գազայի հատվածում սպանդը դադարեցնելու համար։ Մենք ողջունում ենք ՀԱՄԱՍ-ի կառուցողական եւ դրական մոտեցումը հրադադարի այս պլանին։ Անհրաժեշտ է, որպեսզի Իսրայելը ստանձնի մշտական հրադադարին հետեւելու պարտավորություն եւ լիովին կատարի այս որոշման բոլոր դրույթները»,- նշված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունում։
Անկարան, ինչպես նշել է գերատեսչությունը, «կշարունակի ավանդ ներդնել այն քայլերում, որոնք կապահովեն պատերազմի ավարտը, Իսրայելի հետքաշումը Գազայի հատվածի ողջ տարածքից, պատանդների եւ բանտարկյալների երկկողմանի ազատումը, տեղահանված պաղեստինցիների վերադարձը, անխափան եւ բավական քանակությամբ հումանիտար օգնության առաքումը Գազա եւ հատվածի վերականգնումը»։
Հունիսի 10-ին ՄԱԿ Անվտանգության խորհուրդն ընդունել է բանաձեւի ամերիկյան նախագիծը՝ ի աջակցություն Գազայում հաշտեցման, Ռուսաստանը չի մասնակցել փաստաթղթի քվեարկությանը։