Հանրային հեռուստաընկերությունը Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հետ համատեղ այս տարի եւս կիրականացնի «Ֆեստիվառ» երաժշտական փառատոնը, որն այսուհետեւ կանցկացվի ամեն տարի։ Այս մասին այսօր՝ հունիսի 11-ին, հայտնեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը եւ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։

Փառատոնի դեբյուտը կայացել էր 2023 թ-ի ամռանը՝ Վանաձորում, Գավառում եւ Սիսիանում։ «Ֆեստիվառ»-ն այս տարի կանցկացվի Գյումրիում, Իջեւանում եւ Եղեգնաձորում՝ հուլիսի 27-ին, օգոստոսի 10-ին եւ 24-ին։ Ծրագրի հատուկ հյուրերն են Թաթա Սիմոնյանն ու «Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացրած «Լադանիվա» խումբը։


a3967cc9-b0ae-4300-8d96-4bf30feeaa58.jpg (301 KB)

«Մենք ունենք շատ լուրջ խնդիր մարզերում մշակութային կյանքն ակտիվացնելու համար։ Այդպիսով, Հարային հեռուստաընկերության առաջարկով նախորդ տարի իրականացրինք «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնը Հայաստանի երեք քաղաքներում, եւ անցած տարվա ծրագիրը ցույց տվեց, թե որքան պահանջված ու սպասված էր այն մարզերում»,-նշեց Ժաննա Անդրեասյանը։ Նրա խոսքով՝ անցած տարի փառատոնն ունեցել է ավելի քան 50 հազար այցելու, ինչն էլ առիթ է դարձել շարունակելու ծրագիրը։ Սա մարզային երաժշտական փառատոն կլինի, ասում է Անդրեասյանը՝ ընդգծելով, որ ցանկանում են աշխարհագրությունն ընդլայնել եւ ներառել նաեւ այն քաղաքները, որտեղ զբոսաշրջային մեծ ակտիվություն չի նկատվում։ «Սա անում ենք՝ հնարավորություն տալով մեր քաղաքացիներին նորովի բացահայտել իրենց համար Հայաստանը։ Կարծում եմ՝ պատահական չէ նաեւ ընտրված ձեւաչափը․ փառատոնի հիմնական իրադարձությունները տեղի են ունենում շաբաթ օրը՝ հնարավորություն տալով դրան մասնակցող մեր քաղաքացիներին հանգստյան երկու օր ծրագրել եւ, օրինակ, առաջին օրն անցկացնել փառատոնին մասնակցելով, երկրորդ օրն էլ՝ այցելելով տեղի տեսարժան վայրեր»։

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը, անդրադառնալով փառատոնի անցկացման վայրերին եւ մասնակցող արտիստների ընտրությանը, նշեց․

«Մենք ընտրում ենք այն մարզերը, որտեղ դեռեւս չենք անցկացրել «Ֆեստիվառ» եւ այն քաղաքները որոնք հարմար են լինում միջոցառման անցկացման համար։ Հուլիսի 27-ին Գյումրիում ունենալու ենք մեծ համերգ, որին ելույթ կունենա Թաթա Սիմոնյանը, ինչպես նախորդ տարի, կլինի նաեւ տեղական արտադրանքի վաճառք։ Օգոստոսի 10-ին «Ֆեստիվառ»-ը կլինի Իջեւանում, որտեղ մեք նախատեսում ենք հայ-վրացական մեծ համերգային ծրագիր իրականացնել եւ տարբեր արտիստների ներգրավել։ Իսկ օգոստոսի 24-ին կլինենք Եղեգնաձորում, որտեղ ելույթ կունենան տարբեր արտիստներ, այդ թվում՝ «Լադանիվա» խումբը։ Հատկանշական է, որ խմբի կատարողը՝ Ժակլին Բաղդասարյանը, ծնունդով հենց Եղեգնաձորից է։ Ասեմ, որ «Ֆեստիվառ»-ի մասին հայտարարելուց հետո շատ արտիստներ անակնկալ կերպով կապվում էին Հանրային հեռուստաընկերության աշխատակիցների հետ եւ իրենց պատրաստակամությունն էին հայտնում մասնակցելու։ Նմանատիպ պատմություն էր նաեւ Թաթա Սիմոնյանի դեպքում, ով այս տարի ելույթ կունենա մեծ համերգով։ Շատ կարեւոր է, որ արտիստներն էլ են հասկանում, որ Երեւանից դուրս եւս պետք է հանդես գալ։ Քանի որ այդ մեսիջը բոլորի համար ընդունելի եւ հասկանալի է, նրանք մեզ շատ են աջակցում մասնակցության հարցում»։

Մովսիսյանը հավելեց, որ կարեւոր է, որ փառատոնին մասնակցեն ոչ միայն տեղացիները, այլեւ «մեր հայրենակիցները՝ Հայաստանի տարբեր հատվածներից եւ Սփյուռքից»։

Փառատոնին ընդգրկված վրացի արտիստների անունները կազմակերպիչները դեռեւս չբարձրաձայնեցին՝ դա թողնելով որպես անակնկալ։