Մենք դառնում ենք կոնֆլիկտի կողմ Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության մեջ։ Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, ասաց ՀՀ հատուկ հարցերով նախկին բանագնաց Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Բեռլինում մեկնարկող Ուկրաինայի վերականգնման թեմայով համաժողովին Հայաստանի փոխարտգործնախարարի մակարդակով մասնակցությանը։
«Դե Վրաստանը մասնակցում է, Ադրբեջանը մասնակցում է, դե ուրեմն մենք էլ մասնակցենք։ Վերջին շրջանում Հայաստանում տեսնում ենք, որ Ուկրաինան որպես հաջողության պատմության փորձ է փորձ արվում ներկայացնել․ դա տարբեր քաղաքական ուժեր, փորձագետներ են փորձում անել։ Մեկը հարցնի՝ Հայաստանն ի՞նչ գործ ունի Ուկրաինայի վերականգնման կոնֆերանսին։ Եթե մենք դեռ ընդունում ենք, որ մենք հանդիսանում ենք Ռուսաստանի Դաշնության ստրատեգիական գործընկերն այս տարածաշրջանում։ Վարչապետը գնացել էր Մոսկվա, խնդրել էր Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Իրան սահմանների վրա ՌԴ սահմանապահ զորքերը շարունակեն մնալ։ Այսինքն՝ մենք գնում ենք ՌԴ-ի հետ պատերազմի մեջ գտնվող, Ռուսաստանի թշնամի հանդիսացող Ուկրաինայի վերականգնման կոնֆերանսին։ Մենք դառնում ենք կոնֆլիկտի կողմ Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության մեջ»,- ընդգծեց Մարուքյանը։
Էդմոն Մարուքյանը շեշտեց՝ Հայաստանն ինչպե՞ս է վերականգնելու Ուկրաինան, եթե ինքն անհրաժեշտություն ունի վերականգնվելու․ «Մեր երկրի վերականգնման հարցով ո՞վ է զբաղվելու։ 150 հազար փախստական ունենք, 200 մլն դոլարի վնաս ենք կրել Դեբեդի վարարման հետևանքով»։
Նրա խոսքով՝ հայկական կողմն իր այսպիսի քայլերով հնարավոր է, որ հարված հասցնի տնտեսությանը․ «Մարդիկ վարկերի տակ են, հետո հարված կհասցվի նաև բանկային համակարգին, և հետո բոլոր մնացած համակարգերին»։
Անդրադառնալով Բուչա այցին՝ Մարուքյանն այն որակեց արկածախնդրություն․ «Ինչ Բուչա, ինչ Ուկրաինայի վերականգնում, երբ պատերազմը չի ավարտվել․ իսկ կոնֆերանս չկա՞ ԼՂ վերադարձնել ժողովրդին, գնանք, մասնակցենք, կոնֆերանս չկա՞, որ 150 հազար մարդ իր տունուտեղը կորցրել է, կոնֆերանս չկա՞ Ադրբեջանի զորքերը Հայաստանի սուվերեն տարածքից դուրս բերելու մասին․ ինչի՞ չկան նման կոնֆերանսներ»։
Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ այդ երկու պետություններն էլ շուտով չեն հանդուրժելու Հայաստանի քայլերը․ «Ինչի ենք մեր քիթը խոթում սրա մեջ։ Պրոբլե՞մ ենք ուզում, հերիք չէ՞»։