Շատ ռիսկեր, որոնց այսօր բախվում է Հայաստանը, կարելի էր նվազագույնի հասցնել, եթե Երեւանը 2022թ. համաձայներ իրականացնել Ադրբեջանի հետ սահմանին իրադրության կայունացման համալիր միջոցները ՀԱՊԿ գծով։ Այս մասին հունիսի 12-ի քննարկման ժամանակ ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության խորհրդական-բանագնաց Մաքսիմ Սելեզնյովը։
Նա նշել է, որ միջոցները ներառում են թե՛ ռազմատեխնիկական օգնությունը, թե՛ մոնիթորինգային առաքելությունը, թե՛ աջակցությունը հայկական սահմանապահ զորքերին։
«Ցավոք, ընտրություն կատարվեց ԵՄ քաղաքացիական առաքելության օգտին, որը չի պաշտպանում պետության սահմանները, այլ զբաղվում է հետախուզական տվյալների հավաքմամբ Ռուսաստանի եւ Իրանի մասին։
Չնայած Երեւանում ՀԱՊԿ-ի հասցեին հնչող քննադատությանը, Ռուսաստանը համոզված է, որ Հայաստանի լիարժեք մասնակցությունն այդ կազմակերպությանը համապատասխանում է, նախ եւ առաջ, հայ ժողովրդի շահերին, խաղաղության եւ կայունության պահպանման գործոն ծառայում տարածաշրջանում»,- ավելացրել է Սելեզնյովը։
Նրա գնահատմամբ՝ Հայաստանի անդամակցությունն այդ կազմակերպությանը եւ կապերը Ռուսաստանի հետ ռազմական եւ ռազմատեխնիկական ոլորտներում դարձել են անկախ Հայաստանի առաջանցիկ զարգացման կարեւոր գործոններ վերջին տասնամյակներին։
«Մենք իրապես շահագրգռված ենք, որպեսզի մեր հարեւանները Հարավային Կովկասում հաստատեն ամուր եւ երկարաժամկեը խաղաղություն։ Ընդ որում՝ Արեւմուտքի նպատակները, որտեղ այժմ հայկական ղեկավարությունը անվտանգության գծով գործընկերների ակտիվ որոնում է կատարում, կրում են արմատապես հակասական բնույթ։ Արեւմուտքի խնդիրներից մեկը Եվրասիայում ինտեգրման գործընթացների խափանումն է, մեր ինտեգրացիոն գործընթացներն ասես ոսկոր լինեն նրա կոկորդում։
Հանուն իրենց նպատակներին հասնելու՝ ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները պատրաստ են ցանկացած քայլի՝ ընդհուպ մինչեւ ներքաղաքական եւ սոցիալ-տնտեսական իրավիճակի ապակայունացումը մեր սահմանների մոտ։
Արեւմուտքի հիմնական շահը Ռուսաստանի ռազմավարական պարտության մասին թեզիսի առաջմղումն է, բայց դա չի լինի»,- ընդգծել է ՌԴ դեսպանության ներկայացուցիչը։