Բուդապեշտում կայացած Ըմբշամարտի աշխարհի առաջնության ժամանակ հայ ըմբիշ Արթուր Ալեքսանյանի նկատմամբ ցուցաբերվել է մրցավարական կոպիտ սխալ, որի արդյունքում վերջինս զրկվեց ոսկե մեդալ վաստակելու հնարավորությունից:

Այս առիթով Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիան պատրաստվում է բողոքարկել այս որոշումը ՖԻԼԱ, որպեսզի պատժեն մրցավարին: Այսօր կայացած ասուլիսի ժամանակ այս մասին նշեց Լևոն Ջուլֆալակյանը, հավելելով, որ այդպիսի սխալների պատճառով մարզիկները հիասթափվում են հետագա պայքարից: Նա նշեց, որ Արթուրին նկատողություն է տրվել պասիվության համար, սակայն նրա խոսքերով, հակառակը պետք է լիներ և ռուս ըմբիշին նկատողություն տրվեր:

«Գումարած դրանք նա պաշտպանվում էր օրինական ձևով, սակայն մրցավարը նկատողություն է տալիս, որ օրենքից դուրս է գործում: Այսինքն, ես քեզ կտապալեմ, դու մի փախչիր», - նշեց նա, հավելելով, որ նույնիսկ ռուս մեկնաբանն է նշել, որ շատ դժվար է իրենց տրվել հաղթանակը: