Ռուսաստանի ամենահարուստ կինը՝ Wildberries-ի հիմնադիր Տատյանա Բակալչուկը, չի շտապում տներ եւ զբոսանավեր, բրենդային հագուստներ գնել եւ նախընտրում է թռչել «էկոնոմ-դասով»՝ չնայած յոթ մլրդ դոլար ունեցվածքին։
Forbes-ի հարցազրույցում Բակալչուկը խոստովանել է, որ իրեն հաճախ են ծաղրում այդպիսի համեստ ապրելակերպի համար։ «Ինձ ծաղրում են. «Դուք ի՞նչ է, «էկոնոմո՞վ» եք թռչում»։ Դե հա, թռչում եմ։ Իսկ ի՞նչ է որ։ Ես ասկետ չեմ եւ, եթե պետք է թռչել, պայմանական ասած՝ ինը ժամ, իհարկե, «բիզնես» կվերցնեմ, բայց հնարավորության դեպքում «բիզնես» կվերցնեմ մղոնների համար, որովհետեւ շատ եմ թռչում։ Եվ չարժե ինձանից «անապատական» սարքել, որը միայն «էկոնոմով» է թռչում։ Եթե հնարավորություն կա, ես կթռչեմ ոչ «էկոնոմով»,- նշել է բիզնես-վումընը։
Վերջին անգամ միլիարդատիրուհին ստիպված էր մեկ շաբաթում հինգ թռիչք կատարել, ինչն անդրադարձել էր նրա առողջության վրա։ «Կոտրվեցի։ Մի երկու օր ներերակային էի ստանում,- պատմել է նա։- Աշխատակիցներս ասացին. «Բավական է, Տատյանա Վլադիմիրովնա, ինչ ուզում եք՝ արեք, այլեւս «էկոնոմով» չեք թռչում։ Դուք մեզ պետք եք, պետք է խնայեք ձեզ»։ Ես հիմա, ի դեպ, նույն փիլիսոփայությունը տարածում եմ թիմի վրա, որը շատ է թռչում... Գիտեք, երբ քեզ կաբրիոլետով հասնում են քո վաճառողները, հավանաբար, կարող ես երբեմն քեզ թույլ տալ «բիզնես-դասով» թռչել։
Բակալչուկի նպատակը Wildberries-ը համաշխարհային բրենդի վերածելն է։ «Եթե խոսենք ընկերության մասին, ապա մենք ցանկանում ենք լինել այնպիսին, որ ներգրվենք պատմության մեջ։ Այ, բոլորը գիտեն «Ֆորդի», «Տոյոտայի», «Ամազոնի» մասին։ Ես ցանկանում եմ, որ Wildberries-ը նույնպես ներգրվի համաշխարհային պատմության մեջ։ Իսկ որպես մարդ ցանկանում եմ մարդկանց կյանքն ավելի լավը դարձնել։ Հիմա ես պարզապես գեղեցիկ բառերի մասին չեմ խոսում։ Այսինքն՝ ինձ առաջ է մղում այն, որ ես աշխարհն իմ շուրջն ավելի լավն եմ դարձնում։ Չգիտեմ՝ սա որպես պաթոս է հնչո՞ւմ, թե՞ ոչ, բայց ես այդպես եմ զգում»։