Օտտավան մտադիր է Ուկրաինա ուղարկել 2,3 հազար CRV7 ավիացիոն հրթիռ։ Այս մասին ՆԱՏՕ անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպման նախօրեին հայտնել է Կանադայի ռազմական գերատեսչության ղեկավար Բիլ Բլերը։

«Այդ սպառազինությունն ավելի վաղ օգտագործել են Կանադայի Թագավորական ռազմաօդային ուժերը։ Անցած մի քանի ամիսներին մենք թեստավորել ենք այդ հրթիռները, որպեսզի համոզվենք, որ դրանք արդյունավետ են»,- նշել է նա։

Բլերը չի նշել, սակայն, թե երբ է Կանադան Ուկրաինային տրամադրելու այդ արկերը։ Ներկայում երկիրը շարունակում է փորձարկել CRV7-ները, որպեսզի թեստավորման արդյունքից կախված՝ մարտական գործողությունների գոտի ուղարկի էլ ավելի մեծ քանակությամբ հրթիռներ։

Միեւնույն ժամանակ, պաշտպանության նախարարն ընդգծել է, որ ընթացիկ շաբաթվա ընթացքում Օտտավան Կիեւ է ուղարկել խոստացված 50 զրահամեքենաներից չորսը։ Տեխնիկան պետք է Ուկրաինա հասնի առաջիկա մի քանի շաբաթում։


Բացի այդ, ռազմական գերատեսչության ղեկավարը հայտնել է, որ մարտադաշտ կուղարկի անօդաչու թռչող սարքեր։ Սպասվում է, որ ուկրաինական զորքերը Կանադայից կստանան մոտ 900 դրոն։