Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 14-ի նիստում հավանություն տվեց ԵԱՏՄ-ի և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագրին:

Այս համաձայնագիրը ստորագրվել է 2023 թվականի դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում։

Համաձայնագրի անբաժանելի մաս են հանդիսանում նաև կից ցանկերը, որոնց մեջ ներառված ապրանքատեսակների հանդեպ Կողմերը պատրաստ են տրամադրել սակագնային արտոնություններ:


Գյուղատնտեսական ապրանքների մասով՝ հայկական կողմից ներկայացված առաջարկներում հիմնականում ներառված են այն ապրանքները, որոնք հանդիսանում են ՀՀ-ի արտահանման առաջնային հետաքրքրություն ունեցող ապրանքներ և որոնք ունեն նաև մեծ տեսակարար կշիռ Հայաստանից Իրանի արտահանման ծավալներում, մասնավորապես՝ հանքային և գազավորված ջրեր, ոչ ոգելից խմիչքներ, շոկոլադ, հրուշակեղեն, ծխախոտ, ոչխարի միս, որոնց նկատմամբ կիրառվելու է Իրան ներմուծման զրոյական մաքսատուրքեր։

Արդյունաբերական ապրանքների մասով` հայկական կողմից ներկայացված առաջարկներում հիմնականում ներառված են այն ապրանքները, որոնք հանդիսանում են Հայաստանի Հանրապետության արտահանման առաջնային հետաքրքրություն ունեցող ապրանքներ և որոնք ունեն նաև մեծ տեսակարար կշիռ Հայաստանի Հանրապետությունից Իրանի Իսլամական Հանրապետություն արտահանման ծավալներում, մասնավորապես՝ հանքային հումք (պղնձի և ցինկի հանքաքար, մոլիբդենի հանքաքար), արծաթե իրեր, պղնձի անոդներ, գոլորշու գեներատորներ, էլեկտրոնային ծխախոտ, թերմոստատներ և այլն:

Կազատականացվի մուտքը իրանական շուկա նաև էլեկտրաէներգիայի, օգտագործված մարտկոցների համար, կնվազեցվեն Իրան ներմուծման մաքսատուրքերը ոսկերչական իրերի և դեղամիջոցների համար։

ՀՀ տնտեսության համար առավել զգայուն որոշ գյուղապրանքների մասով առաջարկվել է պահպանել և կիրառել ԵԱՏՄ տարածք ներմուծման սեզոնային սակագնային քվոտավորում՝պղպեղ, սմբուկ, ձմերուկ և սեխ, ինչպես նաև սակագնային քվոտավորում՝ արդյունաբերության ոլորտումպլաստմասից արտադրանքի մասով։


Համաձայնագրի շրջանակներում իրանական կողմն առաջին անգամ իր միջազգային առևտրային համաձայնագրերի պրակտիկայում ամրագրում է ներմուծման մաքսատուրքերի զրոյականացման պարտավորություններ:

Համաձայնագրի համաձայն, ԵԱՏՄ անդամ պետությունների ապրանքների մատակարումը Իրան ապահովվելու է առանց անցումային ժամանակաշրջանների։