ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ Երևան-Սևան ճանապարհին՝ գազալցակայանում, օրեր առաջ տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիների առողջական վիճակին:


«Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երկու բուժառուներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, մյուսի առողջական վիճակը դեռ ծայրահեղ ծանր է»,- ասաց նախարարը:

Նախարարի խոսքով՝ մնացածի կյանքին վտանգ չի սպառնում:

«Մնացած բուժառուները, որոնք միջին այրվածքներ էին ստացել, դրական դինամիկա ունենք, նրանք դեռ կշարունակեն բուժական ընթացքը, բայց արդեն կարող ենք հանգիստ լինել նրանց համար»,- հավելեց նախարարը:

Հիշեցնենք՝ հունիսի 6-ին՝ ժամը 23:14-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ: Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել էր 7 անձ: Նրանցից մեկը բուժօգնություն ստանալուց հետո դուրս էր գրվել։