«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայ առաքելական եկեղեցին իր պատմության ողջ ընթացքում ահռելի դեր է ունեցել հայ ժողովրդի կյանքում՝ իրացնելով հայապահպան կարևորագույն գործառույթ և ծավալելով քաղաքական, տնտեսական, ինչպես նաև մշակութային հսկայական գործունեություն։ Վերջին 1700 տարվա պատմության ընթացքում Հայաստանը քանիցս պետականություն չի ունեցել, և հենց Եկեղեցին է կազմակերպել ու իրականացրել կառավարումը, ֆինանսների տնօրինումը, մշակույթի, գրականության պահպանումը, կրոնի տարածումը։ Եկեղեցու դերը հատկապես ահռելի է Սփյուռքի գաղթօջախներում, որոնք տասնամյակներ շարունակ Եկեղեցու շուրջ են հավաքված եղել և այսօր էլ կան, չհաշված, որ հենց Եկեղեցու միջոցով է բարեգործական, մշակութային, լեզվապահպանման գործ իրականացվել։
Անկախ ամեն ինչից՝ Եկեղեցին առաջին հերթին հայ ժողովրդի համար ազգային, բարոյականության ուղենիշ է եղել, և կարելի է առանց կասկածի նշել, որ 21-րդ դարի հայ մարդու ձևավորման գործում ամենակարևոր դերն ունեցել է Եկեղեցին, հատկապես բարոյական, հոգևոր գաղափարների առաջ մղման, ավանդույթների պահպանման, դաստիարակման, կրթության հարցում։ Բնավ զարմանալի չէ, որ այսօր հենց Հայ առաքելական եկեղեցին է կանգնած երկրի ու ժողովրդի համար պատուհաս դարձած իշխանությունների դեմ պայքարի հիմքերում։ Ի վերջո, որքան էլ սահմանադրորեն և օրենքներով արձանագրված լինի Հայաստանի աշխարհիկ պետություն լինելը, Հայաստանն ավելի շուտ մի ազգ՝ քրիստոնյա հայերով բնակեցված պետություն է, որտեղ Հայ առաքելական եկեղեցու դերն ու նշանակությունը անհնար է թերագնահատել, և բարոյական, հոգևոր ու քաղաքական ծանր անկումների պահերին, բնականաբար, հայ ժողովուրդը համախմբվելու կարևորագույն առաքելությունը դիտում է հենց Եկեղեցու մեջ։
Այսօր ընդդիմադիր շարժումը գլխավորում է Հայ առաքելական եկեղեցու հոգևորական, հենց եկեղեցին է, որ իր հայրական խոսքով կարողանում է սփոփանքի բառեր հասցնել հանրությանը: Եվ որոշ շրջանակների, այդ թվում՝ իշխանության ներկայացուցիչների ու նրանց սատելիտների հակաքարոզչությունը Հայ առաքելական եկեղեցու դեմ, աղանդավորների թվի ահռելի աճը, ինչպես նաև միջազգային ու տեղական կազմակերպությունների, ֆինանսական կառույցների արշավը Հայ առաքելական եկեղեցու դեմ, վկայում է առաջին հերթին այն մասին, որ նրանք հենց Եկեղեցուց են վախենում, հասկանում են, որ Հայ առաքելական եկեղեցին է գործող իշխանությունների վարած քաղաքականության դեմ պայքարի առաջամարտիկն ու գլխավոր ուղենիշը։ Հայաստանում կարող է հաջողել միայն այն իշխանությունը, որը սերտորեն կապված կլինի Հայ առաքելական եկեղեցու հետ, իր քաղաքականության մեջ հաշվի կառնի Եկեղեցու ազգապահպան, հոգևոր, գաղափարական ու ազգային բարոյական ուղենիշները»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում