Ռուսաստանը բարձր է գնահատում Հյուսիսային Կորեայի «ամուր» աջակցությունը Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողության» անցկացման գործում եւ իր հերթին կաջակցի կորեացի ժողովրդին «անկախության համար նրա պայքարում, «նենգ, վտանգավոր եւ ագրեսիվ թշնամու» դիմակայությունում, հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Նոդոն սինմուն»-ի («Աշխատավորական թերթ») հոդվածում, գրել է The Moscow Times-ը։
«Փհենյանը եղել եւ մնում է մեր համոզված համախոհը եւ կողմնակիցը, որը պատրաստ է վճռականորեն դիմակայել հավաքական Արեւմուտքի ձգտմանը՝ խոչընդոտելու բազմաբեւեռ աշխարհակարգի կայացմանը՝ հիմնված արդարության, ինքնիշխանության փոխադարձ հարգանքի, միմյանց շահերի հաշվառման վրա»,- նշել է Պուտինը։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է «սերտորեն փոխգործակցել Փհենյանի հետ», որպեսզի «միջազգային հարաբերությունները դարձվեն ավելի դեմոկրատական եւ կայուն»։ Պուտինի խոսքով՝ երկրները դրա համար կզարգացնեն «Արեւմուտքին չենթարկվող առեւտրի եւ փոխադարձ հաշվարկների մեխանիզմներ», համատեղ կդիմակայեն սահմանափակումներին եւ «կկառուցեն Եվրասիայում հավասար եւ անքակտելի անվտանգության ճարտարապետություն»։
Պուտինը նաեւ հայտնել է ակադեմիական մոբիլությունն ակտիվացնելու պլանների մասին ռուսական եւ հյուսիսկորեական բուհերի միջեւ, ավելացնելու զբոսաշրջային ուղեւորությունները, մշակութային, կրթական, երիտասարդական եւ մարզական փոխանակումները։
Պուտինի հոդվածը «Նոդոն սինմունում» լույս է տեսել 2000 թվականից հետո ՌԴ նախագահի Հյուսիսային Կորեա կատարելիք առաջին այցից առաջ, որը տեղի է ունենալու հունիսի 18-19-ին։
Ուկրաինայում պատերազմն սկսվելուց հետո Հյուսիսային Կորեան Ռուսաստան է ուղարկել 10 հազարից ոչ պակաս բեռնարկղ, որոնցում կարող էր լինել 4,8 մլն հրետանային արկ, Bloomberg-ին ասել է Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Սին Վոն Սիկը։ Նրա տվյալներով՝ Մոսկվան ի պատասխան սկսել է Փհենյանին մատակարարել տանկեր, ինքնաթիռներ եւ տեխնոլոգիաներ լրտես արբանյակների ծրագրի իրականացման համար։
Հյուսիսային Կորեա կատարելիք այցի ընթացքում Պուտինը փորձելու է հասնել ավելի սերտ համագործակցության Փհենյանի հետ անվտանգության ոլորտում, հատկապես ռազմական պահեստամասերի մատակարարման մասով, ինչպիսին են հրետանային արկերը, որոնք անհրաժեշտ են Ուկրաինայում պատերազմի համար, ընդգծելէ Սինը։
ԱՄՆ-ում խոստացել են ուշադիր հետեւել Հյուսիսային Կորեա Պուտինի այցին, քանի որ Վաշինգտոնին անհանգստացնում է երկրների միջեւ հարաբերությունների խորացումը։ «Ոչ միայն այն պատճառով, թե ինչպես դա կանդրադառնա ուկրաինացի ժողովրդ վրա, <…> այլեւ այն պատճառով, որ այստեղ կարող է առաջանալ որոշակի փոխադարձություն, որը կարող է ազդել Կորեական թերակղզու իրավիճակի վրա»,- նշել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։