Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 20-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև թիվ վարկային համաձայնագրին:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 2024թ. հունիսի 26-ին նախատեսվում է «ՀՀ կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև թիվ CAM 1024 01 C վարկային համաձայնագրի» ստորագրումը՝ Հայաստանին վարկի տեսքով բյուջետային աջակցության ծրագրի ներքո 75 մլն եվրո վարկային միջոցների ստացման նպատակով:


Ծրագրի շրջանակը, մասնավորապես, ներառում է.

հարկաբյուջետային պլանավորման, թափանցիկության, ռիսկերի կառավարման, ինչպես նաև պետական ծախսերի արդյունավետության բարձրացումը,

պետական ներդրումների, այդ թվում՝ պետություն-մասնավոր գործընկերության համակարգի բարեփոխումները,

պետական գնումների համակարգի արդիականացումը,

կանաչ տնտեսության քաղաքականության մշակումը, կլիմայի փոփոխության հարմարվողականության բարձրացումն ու կանաչ ֆինանսական գործիքների կիրառության ընդլայնումը,

կառավարության պարտքի կառավարման համակարգի բարելավումը,

ֆինանսական և կապիտալի շուկաների զարգացումը,

կորպորատիվ թափանցիկության ընդլայնումը հաշվապահական հաշվառման և առուդիտորական գործունեության կարգավորման իրավական շրջանակի վերանայմամբ:

Բյուջետային աջակցության միջոցների ստացման համար նախապայման է հանդիսանում երկկողմ փոխհամաձայնեցված քաղաքականության գործողությունների աղյուսակով սահմանված՝ մի շարք ոլորտներում միջոցառումների և բարեփոխումների իրականացումը:


Բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը, հետևաբար վարկային միջոցների ժամանակին ստացումը կարևոր նշանակություն ունի պետական բյուջեի կատեգորիաներով նախատեսված ծախսերի ֆինանսավորման տեսանկյունից: