Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 20-ի նիստում որոշեց շուրջ 2 մլն դրամ գումար հատկացնել «Նորարար միասին» Ֆրանկոֆոն միջազգային ամառային ճամբարի կազմակերպման նպատակով, որը բացառիկ և յուրահատուկ հնարավորություն է պատանիների համար թե՛ ֆրանսերենի խթանման համար, թե՛ նոր կրթական հնարավորությունների փորձարկման, թե՛ նոր ընկերների և աշխարհը տարբեր երկրներից եկած հասակակիցների միջոցով ճանաչելու համար:


Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ֆրանսախոս տարածաշրջանային կետրոնի (CREFECO) կողմից՝ 2024-ի օգոստոսի 20-ից 26-ը Հայաստանում կացկացվի «Նորարար միասին» Ֆրանկոֆոն միջազգային ամառային ճամբարը:

2017 թվականի նոյեմբերի 17-ին Փարիզում ստորագրվել է Գործընկերության հուշագիր ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության՝ ի դեմս CREFECO և Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ֆրանսախոս տարածաշրջանային երկրների կրթության նախարարությունների միջև:


Հուշագրի շրջանակներում CREFECO-ի կողմից գրեթե յուրաքանչյուր տարի կազմակերպվել են ֆրանսերենի միջազգային օլիմպիադաներ` անցկացման երկիրը ընտրվում է ռոտացիոն սկզբունքով (վերջին օլիմպիադան տեղի ունեցավ 2021թ. առցանց ձևաչափով, որը պայմանավորված էր կորոնավիրուսի (COVID-19) համաճարակով): Ռոտացիոն սկզբունքով անդամ երկրներում անցկացվել են նաև միջազգային ֆրանկոֆոն ամառային դպրոցներ: Հայաստանում այն նախատեսվում էր անցկացնել 2021 թվականին, սակայն կապված համաճարակի հետ այն տեղի ունեցավ ազգային մակարդակով:


2021 թվականի հունիսի 26-ից հուլիսի 2-ը CREFECO-ի աջակցությամբ ՀՀ Կոտայքի մարզի Աղվերան բնակավայրում կազմակերպվել է ամառային ֆրանկոֆոն դպրոց-ճամբար, որին մասնակցում են 14-17 տարեկան 30 պատանիներ: Ճամբարին ներգրավված էին Հայաստանում ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դպրոցների և ոչ խորացված դպրոցների` ֆրանսերենից լավագույն գիտելիքներ ունեցող աշակերտները:


Նախատեսվում է յուրաքանչյուր անդամ երկրից (10 երկիր)՝ ֆրանսերենի ազգային օլիմպիադայի հաղթող ճանաչված ավագ դպրոցի 2 աշակերտի մասնակցություն՝ իրենց ղեկավարի հետ: Մասնակիցների Հայաստան ժամանման հետ կապված տրանսպորտային և այլ ծախսերը (շուրջ 13․000,0 հազար դրամ) կկարգավորվեն CREFECO-ի աջակցությամբ: Անհրաժեշտություն է առաջացել հոգալու մասնակիցների կեցության և 3-անգամյա սննդի կազմակերպման ծախսերը, որը կազմում է 1․944,0 հազար դրամ ներառյալ ԱԱՀ-ն: CREFECO-ն նպատակահարմամր է գտել Ֆրանկոֆոն միջազգային ամառային ճամբարը կազմակերպել Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի («Սիմոնյան» կրթական հիմնադրամ) Դիլիջանի մասնաճյուղում, որի հարկի տակ գտնվում է նաև հյուրատունը: