Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը երեքշաբթի Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության բանակցությունների մեկնարկը ողջունեց որպես պատմական պահ, սակայն զգուշացրեց առջևում երկար ճանապարհի մասին:
Ինչպես գրում է Европейская правда-ն, այս մասին ասված է Միշելի հայտարարության մեջ, որը հրապարակել է նրա մամուլի ծառայությունը երեքշաբթի կեսօրին Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ միջկառավարական համաժողովների մեկնարկից առաջ։
Եվրախորհրդի ղեկավարի խոսքով՝ Ուկրաինան և Մոլդովան սկսում են իրական վերափոխում դեպի ԵՄ լիիրավ անդամակցություն. սա «հպարտության պահ է երկու ժողովուրդների համար և ռազմավարական քայլ ԵՄ-ի համար»։
«Առաջին միջկառավարական համաժողովների միջոցով անդամակցության բանակցությունների մեկնարկն առանցքային հանգրվան է։ Դա նաև վկայում է այն վիթխարի առաջընթացի, որ երկու երկրներն էլ հասել են եվրաինտեգրման ուղղությամբ՝ չնայած վիթխարի մարտահրավերներին, որոնց բախվել են և շարունակում են դիմակայել», - ասաց Միշելը:
Նրա խոսքով, Ուկրաինայի ջանքերն էլ ավելի հիացմունքի արժանի են, եթե հաշվի առնենք, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի նվաճողական պատերազմն աննախադեպ դժվարություններ ու խնդիրներ է առաջացրել։
Միշելն ընդգծել է, որ և՛ Ուկրաինան, և՛ Մոլդովան ցուցաբերել են տպավորիչ նվիրվածություն՝ բարեփոխումների և եվրոպական արժեքներին մոտենալու հարցում։
«Տրանսֆորմացիոն քայլերը, որոնք ձեռնարկվել են այնպիսի ոլորտներում, ինչպես օրենքի գերակայությունը, կառավարումը և դատական համակարգը, հույս են ներշնչում և հստակորեն ցույց են տալիս եվրոպական ընտանիքին միանալու նրանց անսասան հանձնառությունը: Նրանց համայնքների աջակցությունը նույնպես կարևոր է այդ ճանապարհին»,- ասաց նա:
Սակայն, ըստ Միշելի, սա երկար գործընթացի միայն սկիզբն է։
«Թեև այսօր մենք նշում ենք կարևոր առաջընթաց քայլը, մենք պետք է նաև գիտակցենք, որ ապագա ճանապարհը կպահանջի շարունակական ջանքեր, նվիրում և հետագա նշանակալի բարեփոխումներ: Ուկրաինան և Մոլդովան պետք է շարունակեն աշխատել ինստիտուտների ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի և տնտեսական կայունության բարելավման ուղղությամբ՝ ԵՄ-ին լիիրավ անդամակցության խիստ չափանիշներին համապատասխանելու համար»,- ասվում է հայտարարության մեջ:
Եվրախորհրդի ղեկավարը հավելել է, որ Եվրամիությունն իր ինստիտուտների և անդամ երկրների միջոցով պատրաստ է աջակցել Ուկրաինային և Մոլդովային այս ճանապարհի յուրաքանչյուր քայլում։