Չորեքշաբթի լույս հինգշաբթի գիշերը Լիբանանի հարավում առնվազն հինգ բնակավայր է հարձակման ենթարկվել իսրայելական օդուժի կողմից։ Lebanon 24 լրատվական պորտալը հայտնել է, որ ցամաքային թիրախներին կործանիչների հարվածների հետեւանքով ամբողջությամբ ավերվել է 10 տուն, եւս 35-ը վնասվել կամ հրդեհվել է։


Բեյրութից 75 կիլոմետր հարավ գտնվող Նաբաթիե քաղաքում օդային հարձակումից հետո փլուզվել է եռահարկ տուն։ Ականատեսների վկայությամբ՝ բռնկված հրդեհի հետևանքով զոհեր չկան, 5 մարդ վիրավորվել է, ևս 14-ը հոսպիտալացվել են շնչահեղձության ախտանիշներով։

Շիա աշխարհազորային «Հեզբոլլահ»-ի ջոկատները գիշերը հրթիռակոծել են գրավյալ Գոլանի բարձունքներում գտնվող Զիբդինի զորանոցները և հարձակվել արևելյան ճակատում գտնվող Ալ-Ասի ամրացված տարածքի վրա: Ենթադրվում է, որ իսրայելական զորքերի մեջ կան զոհեր և վիրավորներ։

Ավելի վաղ Telegram ալիքում տեղադրված կազմավորումների ամփոփագրում նշվում էր, որ իսլամական դիմադրության մարտիկներն օգտագործել են հակատանկային կառավարվող հրթիռներ Բիրքեթ Ռիշա և Եվեն Մենչեմ բնակավայրերի հրամանատարական կետերի վրա հարձակվելիս։ Մետուլա քաղաքում իսրայելցի զինվորականների մոտ երկու տուն է խոցվել։ Զինված հարձակումներ են իրականացվել Ավիվիմում և Նետուվայում հակառակորդի ուժերի մեքենայացված պարեկության դեմ։