Իրանն ամբողջ ուժով կաջակցի «Հեզբոլլահ» շիական շարժմանը, եթե Իսրայելը պատերազմ սկսի Լիբանանի դեմ։ Այս մասին հայտնել է Իրանի հոգեւոր առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեիի խորհրդական եւ Իրանի միջազգային հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազին Financial Times թերթի հարցազրույցում։
«Այդ իրավիճակում մենք այլ ընտրություն չենք ունենա՝ բոլոր միջոցներով «Հեզբոլլահին» աջակցելուց բացի»,- ընդգծել է Խարազին ի պատասխան այն հարցի, թե կաջակցի արդյոք Իրանը ռազմական առումով շիական շարժմանը լիածավալ հակամարտության դեպքում։ «Լիբանանի ողջ ժողովուրդը, արաբական երկրները եւ դիմադրության առանցքը կաջակցեն Լիբանանին Իսրայելի դեմ»,- ավելացրել է նա։ Սակայն, նրա խոսքով, հակամարտության հետագա թեժացումը եւ դրա ընդլայնումը «չեն համապատասխանում ոչ Իրանի, ոչ ԱՄՆ շահերին»։
Հունիսի 29-ին ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը տարածել է հայտարարություն, որում նշվել է, որ Թեհրանը Իսրայելի սպառնալիքները Լիբանանում խոշոր ռազմական գործողության մասին դիտարկում է որպես հոգեբանական ճնշում, սակայն իսրայելական կողմի մարտական գործողությունների սկիզբը կհանգեցնի բնաջնջման պատերազմի։