Նիդեռլանդների իշխանությունները շուտով Ուկրաինա կմատակարարեն խոստացած 24 F-16 կործանիչների մի մասը, երկուշաբթի հայտնել է Նիդեռլանդների հեռացող կառավարությունը։ Ինչպես տեղեկացրել է պաշտպանության նախարար Կայսա Օլոնգրենը, Ուկրաինային կործանիչների տրամադրման անհրաժեշտ թույլտվություններն ստացվել են։
Նախարարը անվտանգության նկատառումներով հրաժարվել է նշել, թե քանի ինքնաթիռ է փոխանցվելու առաջին մատակարարմամբ, եւ երբ են դրանք հասնելու երկիր, գրել է Reuters-ը։
Բելգիան, Դանիան, Նիդեռլանդները եւ Նորվեգիան ավելի վաղ խոստացել էին Ուկրաինային հանձնել մոտ 60 F-16 կործանիչներ։
Արեւմտյան ԶԼՄ-ների տվյալներով՝ Ուկրաինայի ԶՈւ-ն կստանա դրանք մի քանի խմբաքանակներով, երկար ժամանակի ընթացքում, եւ չի կարողանա միանգամից բոլոր ինքնաթիռները մտցնել մարտի մեջ, քանի որ օդաչուների ուսուցումն ավելի դանդաղ է ընթանում, քան կցանկանային Կիեւում։