Հայաստանը պատրաստ է լիովին կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ։ Այս մասին հայտնել է արտաքին գորերի նախարար Արարատ Միրզոյանը վրացի գործընկերոջ հետ Թբիլիսիի համատեղ մամուլի ասուլիսում։

«Ինչպես եւ նախկինում, Հայաստանը շահագրգռված է եւ գործնական ջանքեր է գործադրում հարեւանների հետ հարաբերությունները կարգավորելու համար»,- հայտնել է նախարարը։

«Մենք պատրաստ ենք լիովին կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, հաստատել հարաբերություններ, բացել սահմանը Թուրքիայի հետ, եւ պատրաստ ենք այս համատեքստում իրականացնել արդեն ձեռք բերված պայմանավորվածությունները»,- ասել է Միրզոյանը՝ հավելելով, որ Հայաստանը Թուրքիայի հետ առողջ երկխոսություն ունի։ Վաղուց եկել է «հողի վրա» ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնելու ժամանակը, կրկնել է նախարարը։

Հիշեցնենք, որ ոչ պաշտոնական տեղեկությամբ հուլիսի 2-ին նախատեսվում էր Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպումը սահմանին։ Սակայն վերջին պահին թուրքական կողմը հրաժարվել է հանդիպումից։ Նույն օրը Ադրբեջանում հնչել են հերթական պահանջները Երեւանից, ինչը, հավանաբար, առիթ է դարձել, որ Անկարան հրաժարվի հանդիպումից։