Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչի Պորտուգալիա - Ֆրանսիա հանդիպումից հետո պորտուգալացիների ավագ, սաուդյան «Ալ Նասրի» 39-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի քույր Էլմա Ավեյրուն սոցիալական ցանցերում լուսանկար է հրապարակել Ֆրանսիայի հավաքականի ավագ, Մադրիդի «Ռեալի» նորեկ, 25-ամյա Կիլիան Մբապեի հետ։ Նրանց հետ է նաեւ Ռոնալդուի մայրը, ընտանիքի այլ անդամներ։
«Գերազանց խաղացող։ Մաղթում եմ քեզ լավագույնը»,- գրել է Էլմա Ավեյրուն։
Ֆրանսիան պորտուգալացիներին հաղթել է հետխաղային 11-մետրանոցներով՝ 5:3: Հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվել էր ոչ ոքի՝ 0:0:
Կիսաեզրափակիչում Ֆրանսիան հուլիսի 9-ին կմրցի Իսպանիայի հետ, որը լրացուցիչ ժամանակում 2:1 հաշվով հաղթել էր Գերմանիային։