Երկուշաբթի, հուլիսի 8-ին ռուս զինվորականները Ուկրաինայի վրա արձակել են ավելի քան 40 տարբեր հրթիռներ, տեղեկացրել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Մասնավորապես, գրոհի են ենթարկվելԿիեւը, Դնեպրը, Կրիվոյ Ռոգը, Սլավյանսկը եւ Կրամատորսկը։


Կիեւում հարվածի տակ է ընկել «Օխմադետ» մանկական հիվանդանոցը, տեղեկացրել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ Անձնակազմը եւ պացիենտները տարհանվում են։ Ներկա պահին հայտնի է յոթ զոհվածի եւ 11 տուժածի մասին։

Կրիվոյ Ռոգում գրանցվել է մի քանի խոցում։ Հրթիռներից մեկը խոցել է արդյունաբերական ձեռնարկության վարչական շենքը։ Քաղաքի Պաշտպանության խորհրդի ղեկավար Ալեքսանդր Վիլկուլի խոսքով՝ 10 մարդ զոհվել, 31 հոգի վիրավորվել է։ Տուժածներին հոսպիտալացրել են, նրանցից 10-ը ծանր վիճակում է։


«Ամբողջ աշխարհը պետք է գործի դնի ողջ վճռականությունը, որպեսզի վերջապես վերջ դրվի ռուսական հարվածներին։ Սպանություններ, ահա այն, ինչ բերում է Պուտինը։ Միայն միասին մենք կարող ենք իսկական խաղաղություն եւ անվտանգություն բերել»,- հայտնել է Զելենսկին՝ մեկնաբանելով գնդակոծությունը։