Ինչպես միշտ, հաճելի էր հանդիպել իմ գործընկեր Հաջա Լաբիբի հետ: Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Տեղի ունեցավ հետաքրքիր զրույց հայ-բելգիական կապերի և ԵՄ-ի հետ ՀՀ գործընկերության հետագա ամրապնդման ուղիների վերաբերյալ: Մենք գնահատում ենք այն, ինչին հասել ենք և ձգտում ենք ավելիին: Մտքեր փոխանակեցինք տարածաշրջանային հարցերի վերաբերյալ, տեղեկացրի ՀՀ և Ադրբեջանի միջև գործընթացի մասին»,- ասված է գրառման մեջ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի կազմավորման 75-ամյակին նվիրված գագաթnաժողովի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:
Կողմերը նշել են խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ պատմական պայմանագրի կնքման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի կողմից գրանցված առաջընթացը և համաձայնել են շարունակել աշխատանքները։

Էնթոնի Բլինքենը հանդիպմանը նշել է, որ Բաքուն և Երևանը մոտ են խաղաղության պայմանագրի կնքմանը։

Հանդիպումից հետո ՀՀ ԱԳ նախարարը ևս գրառում էր կատարել՝ վերահաստատելով Հայաստանի քաղաքական կամքը՝ հնարավորինս շուտ ավարտելու և կնքելու խաղաղության պայմանագիրը Ադրբեջանի հետ։