«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Վերջերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաճախ է մարզեր այցելում։ «Ժողովուրդ» օրաթերթը այդ այցելությունների մեկնարկից դեռ օրեր առաջ դրանց իրական նպատակների մասին գրել էր. Փաշինյանն իր վարկանիշը բարձրացնելու համար է գնում մարզեր, իրեն մատուցում՝ իբրեւ հասարակ հասանելի ղեկավար՝ հեռանկարում 2026 թվականի ընտրությունների համար ձայներ հավաքելու հույսերով։

Իսկ ովքե՞ր են նրան ուղեկցում հանդիպումների ժամանակ. բացի տեղական ինքնակառավարման մարմիններից՝ Փաշինյանին մարզերում ողջունում են ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Եղիազար Վարդանյանը, զինվորականներ եւ ուժային կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներ։ Նրանց շարքերում թերեւս ստվերում կա եւս մեկը, ով Նիկոլ Փաշինյանի կողքին է գրեթե յուրաքանչյուր այցի ժամանակ։ Խոսքը ստվերում մնացած, բայց ոչ ստվերային, «նախկինների» ժամանակներից ղեկավարների կողքին կանգնած Սարգիս Բաղինյանին է վերաբերում։


Իսկ ո՞վ է Սարգիս Բաղինյանը. Նա քաղաքաշինության նախարարության ԾԻԳ-ի նախկին տնօրեն է եղել։ Բաղինյանի ներկայացրած պաշտոնական հայտարարագրից տեղեկանում ենք, որ վերջին իշխանությունների օրոք՝ 2021 թվականին նա եղել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի խորհրդական, ապա դադարեցրել է պաշտոնական պարտականությունները 2023 թվականի մարտին։ Բաղինյանը, սակայն, շարունակում է Փաշինյանի կողքին մնալ՝ որպես Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ներկայացուցիչ։ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը գործունեություն է ծավալում համայնքային ենթակառուցվածքների վերականգնման գործում, այսինքն՝ Փաշինյանի այցերը դպրոցներ եւ մանկապարտեզներ Բաղինյանի հետ ուղիղ կապ ունեն, քանի որ, ինչպես ArmLur.am-ը տեղեկացավ, ծրագրերը իրականացվում են այս հիմնադրամի աջակցությամբ։

Սարգիս Սուրիկի Բաղինյանի որդին՝ Սուրեն Սարգիսի Բաղինյանը, համաձայն հայտարարագրի՝ աշխատում է ազգային անվտանգության ծառայությունում՝ որպես քննչական գլխավոր վարչության ավագ քննիչ։ Սակայն, հարկ է նշել, որ 2024 թվականի տարեսկզբին ՀՀ ԱԱԾ-ի քննչական գլխավոր վարչության գործառույթները փոխանցվել են քննչական կոմիտեին։ Սարգիս Բաղինյանը հենց որդու գործոնով պամանավորված է այս տարի ներկայացրել 2023 թվականի՝ գույքի, եկամուտների, շահերի եւ ծախսերի հայտարարագիր։

Այսպիսով՝ քաղաքաշինության նախարարության ԾԻԳ-ի նախկին տնօրենը 2014 թվականին ժառանգությամբ ստացել է մեկ անվտոտնակ եւ մեկ անհատական բնակելի տուն, որոնք գտնվում են Երեւան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում։

Բաղինյանը տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։ Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն 735 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 30 մլն դրամ, 75 հազար դոլար եւ 16 հազար եվրո։

Սարգիս Բաղինյանի՝ հաշվետու տարվա եկամուտները կազմել են 13 մլն 726 հազար դրամ, որից 11 մլն 19 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամից, իսկ 2 մլն 707 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ ՏԿԵ նախարարությունից, քանի որ 2023 թվականի առաջին եռամսյակում նա դեռ նախարարի խորհրդական է եղել։

Բաղինյանի ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 130 հազար դրամ»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։