«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում այնպիսի հանրային մոտեցում է ձևավորվել, որ Արևմուտքն է Հայաստանի գլխավոր աջակիցը տարածաշրջանում, և արևմտյան երկրները թույլ չեն տա, որ Ադրբեջանը հերթական ագրեսիան իրականացնի Հայաստանի նկատմամբ, մանավանդ որ խոսվում է, թե կլիմայական համաժողովից հետո՝ նոյեմբերին, Բաքուն նախապատրաստվում է հերթական ագրեսիան ձեռնարկել։ Այսպիսի մոտեցման ձևավորմանը նպաստում են նաև Բաքվից ու Անկարայից հնչող այնպիսի հայտարարությունները, թե Հայաստանը աջակցություն է վայելում որոշ արևմտյան երկրների կողմից, որոնք, իբր թե, փորձում են ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում։ Իսկ այն հարցի պատասխանը, թե իսկապես Արևմուտքը կգնա՞ Բաքվի ախորժակը զսպելու ուղղությամբ, կարելի է գտնել անցած մի քանի տարվա ու դեռևս թարմ իրադարձությունները դիտարկելու արդյունքում։


Այս հարցում հատկապես կարևոր է դիտարկել Արևմուտքի առաջատար ուժի՝ ԱՄՆ-ի դիրքորոշումը որպես գերտերություն։ 2020 թվականին Ադրբեջանը Արցախի դեմ պատերազմ սանձազերծեց, որի ժամանակ էլ ԱՄՆից հայտարարություններ հնչեցին, թե կոչ են անում հրադադար հաստատել, բայց ամերիկյան կողմից այդպես էլ անհրաժեշտ միջամտություն տեղի չունեցավ ռազմական գործողությունները կանգնեցնելու ուղղությամբ։ Փոխարենն ուշացումով, երբ արդեն հայկական կողմի վիճակը բավական բարդ էր, Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրվեց նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությունը։ Իսկ ահա 2021 թվականին, երբ Ադրբեջանը ներխուժեց ՀՀ ինքնիշխան տարածք, ԱՄՆ Պետքարտուղարությունն Ադրբեջանին կոչ արեց զորքերն անհապաղ դուրս բերել Հայաստանի հետ սահմանից, բայց այդ կոչին որևէ կոնկրետ քայլ չհետևեց։ Ու այդպես էլ ՀՀ ինքնիշխան տարածքները մնում են ադրբեջանական օկուպացիայի տակ։ Արդյո՞ք Վաշինգտոնն ի վիճակի չէր Ադրբեջանի վրա ազդել։ Եթե նայում ենք ԱՄՆ ունեցած համաշխարհային ազդեցությանը, ապա Բաքվի վրա ճնշում գործադրելը կարող էր ընդամենը ժամերի հարց լինել։

Մի քանի պատժամիջոցների մասին հայտարարությունը բավական էր, որ Ալիևը խելոքանար։ ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին զսպող քայլեր չձեռնարկվեցին նաև այն ժամանակ, երբ Արցախն Ադրբեջանի կողմից շրջափակման էր ենթարկվում։ Մի քանի կոնգրեսականներ ուղերձներ էին հղում իրենց իշխանություններին, սակայն սայլն այդպես էլ տեղից չէր շարժվում։ Իսկ ահա անցած տարվա սեպտեմբերին Պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը սենատորներին հավաստիացնում էր, որ Միացյալ Նահանգները չի հանդուրժի էթնիկ զտումներ կամ այլ վայրագություններ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ, սակայն օրեր անց Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա ու բռնի տեղահանության ենթարկեց արցախահայությանը։

Արցախում ցեղասպանական գործողությունների իրականացումից հետո Բայդենի վարչակազմը Հայաստան ուղարկեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերին, այն էլ՝ այնպիսի առաքելությամբ, որ արցախցիներին որոշակի հումանիտար օգնություն տրամադրվի։ Իհարկե, բացարձակ անընդունելի է թերագնահատել մարդասիրական աջակցության կարևորությունը, սակայն արդյո՞ք միայն արցախցիներին տրամադրվող այդ օգնությունը հարցի լուծում էր, երբ մարդիկ ամիսներ շարունակ շրջափակման զրկանքները կրելուց հետո հիմա էլ զրկվում են իրենց տուն ու տեղից ու ընդհանրապես հայրենիքից։ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավարն օրերս կրկին Հայաստան էր այցելել, այս անգամ՝ Հայաստանի տնտեսական և թվային անվտանգությանը նպաստելու հարցով։ Ու Արցախի հայաթափման վերաբերյալ հարցին ի պատասխան՝ նա նշեց, թե Պետքարտուղարությունում ուսումնասիրում են տեղի ունեցած իրադարձությունները։


Բայց հարցն այն է, որ Արցախում տեղի ունեցած հանցագործությունները փաստագրված են ու տեղի են ունեցել ամբողջ քաղաքակիրթ մարդկության աչքի առաջ, ու ամեն ինչ այնքան պարզ է, որ տևական ուսումնասիրության կարիք անգամ չկա։ Այլ հարց է, որ Վաշինգտոնում չեն ցանկանում իրավական գնահատական տալ տեղի ունեցածին՝ համապատասխան հետևանքներով։ Դրա մասին է վկայում այն փաստը, որ մայիսի 4-ին Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին ասել էր, որ իմաստ չունի գնալ Շուշի, սակայն երկու օր անց նա ոչ միայն այցելեց այդ քաղաք, այլև բառ անգամ չարտաբերեց էթնիկ զտումների, արցախահայության բռնի տեղահանության ու Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին: Սակայն ամենազարմանալին այն է, որ ԱՄՆ պետքարտուղարն անձամբ հեռախոսազրույց է ունենում Ալիևի հետ ու հորդորում նրան գերիներին ազատ արձակել, սակայն այդ հորդորներից հետո գերիներին ազատ արձակելու մասով որևէ տեղաշարժ չի արձանագրվում։

Դրան զուգահեռ ամերիկյան պաշտոնյաները նշում են, թե աջակցում են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը, սակայն բանակցությունները կողմերի միջև տեղի են ունենում գլխավորապես առանց միջնորդների, ինչի արդյունքում էլ Ադրբեջանը ճնշում է գործադրում հայկական կողմի վրա և հող նախապատրաստում նոր հարձակման համար։ ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանին մասնավորաբար կարող էր դրսևորվել այնպես, որ Վաշինգտոնը միջնորդի, ինչու չէ՝ նաև երաշխավորի դեր ստանձներ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման և հաշտության պայմանագրի կնքման համատեքստում։ Այլապես ամերիկյան պաշտոնյաների կողմից Հայաստանի ինքնիշխանությանը սատարելու մասին հայտարարությունները վերածվում են դատարկ խոսքերի։ Եվ ուշագրավ է նաև, որ ամերիկյան բազմաթիվ վերլուծաբաններ ու փորձագետներ քննադատում են Ադրբեջանի նկատմամբ վարվող քաղաքականությունը, որով կանաչ լույս է վառվում բռնապետական Ալիևի վարչակազմի առաջ, որը թքած ունի ժողովրդավարության վրա էլ, մարդու իրավունքների վրա էլ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում