Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը ուրախ է հայտարարել նոր պատվավոր հյուպատոսության բացման մասին Պուլիայի շրջանում։ Այս մասին նշված է Իտալիայում ՀՀ դեսպանության հաղորդագրության մեջ։
«Այս նոր հյուպատոսական գրասենյակի բացումը կարևոր քայլ է` ուղղված Հայաստանի և Պուլիայի տարածաշրջանի միջև պատմական բարեկամական հարաբերությունների և դարավոր մշակութային, տնտեսական և դիվանագիտական կապերի ամրապնդմանը:
Հյուպատոսական գրասենյակը, որը կգտնվի Բարիի Corso Vittorio Emanuele 30 հասցեում, հանգրվան կհանդիսանա Հայաստանի քաղաքացիների և նրանց համար, ովքեր ցանկանում են խորացնել համագործակցությունը Պուլիայի և Հայաստանի միջև:
Պատվավոր հյուպատոս Դարիո Ռուպեն Թիմուրյանը կլինի Պուլիայում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պաշտպանության և գիտական, մշակութային, կրթական, տնտեսական և առևտրային համագործակցության խթանմանն ու ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունների կոնտակտային անձը։
Պատվավոր հյուպատոս Դարիո Ռուպեն Թիմուրյանը, ծնված 1974 թվականին, ավարտել է Բարիի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, շինարարության և կահույքի ոլորտում ձեռնարկատեր է։ Նրա ընտանիքը ժամանել է Բարի 1915թ. Հայոց ցեղասպանությունից հետո և անմիջապես մուտք գործել քաղաքի և տարածաշրջանի սոցիալական և ձեռնարկատիրական կյանք:
Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը շնորհավորում է պատվավոր հյուպատոս Դարիո Ռուպեն Թիմուրյանին և մաղթում մեծ հաջողություններ՝ իր լիազորությունները լիարժեք իրականացնելու գործում»,-նշված է հաղորդագրության մեջ։