Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ անհրաժեշտ է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի առաջատար համաշխարհային տերությունները կարողանան նորից քննարկել սպառազինությունների վերահսկումը եւ պայմանավորվել դրանց կրճատման շուրջ։
«Այն ամենը, ինչ մենք անում ենք, պետք է հանգեցնի նրան, որ սպառազինությունների վերահսկման հարցերը քննարկվեն խոշոր համաշխարհային տերությունների կողմից եւ մենք դուրս գանք սպառազինությունների մրցավազքից՝ միմյանց հետ պայմանավորվելով սպառազինությունների կրճատման մասին»,- ասել է Շոլցը ARD հեռուստաալիքի հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե հասկանում է արդյոք ինքը Գերմանիայի բնակիչների մտահոգությունը սառը պատերազմի հնարավոր սկսվելու մասին։
Շոլցը միեւնույն ժամանակ նաեւ նշել է, որ Ռուսաստանը դուրս է եկել զինաթափման բոլոր համաձայնագրերից, իսկ Գերմանիան, նրա խոսքով, պետք է արձագանքի դրան։ «Ահա թե ինչու մենք պետք է այնքան ուժեղ լինենք, որ ոչ ոք մեզ վրա չհարձակվի», ամփոփել է կանցլերը։
Հուլիսի 10-ին հրապարակվել է ԱՄՆ-ի եւ Գերմանիայի համատեղ հայտարարությունը, որում ասված է, որ Վաշինգտոնը 2026 թվականից կսկսի իր տարածքում տեղակայել ավելի մեծ հեռահարության կրակային խոցման նոր միջոցներ, քան նրանք, որոնք ներկայում տեղկայված են Եվրոպայում։ ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը հայտնել է, որ Վաշինգտոնի այս պլանները բարձրացնում են հրթիռային սպառազինությունների մրցավազքի հավանականությունը եւ կարող են հանգեցնել չկառավարվող թեժացման։