Քիմ Քարդաշյանը մտավախություն ունի, որ վերածվում է «առանց զգացմունքների ռոբոտի». «Քարդաշյանները» ռեալիթի շոուի նոր դրվագում Քիմը քրոջ՝ Քլոեի հետ զրույցում վերհիշում է, թե ինչպես է 2016 թվականին Փարիզում կատարված կողոպուտն ազդել իր հոգեվիճակի վրա։
«Իմ թերապեւտն ասում է. «Դու կարծում ես, թե հանգստությունը քո գերագույն ուժն է: Կարծում եմ՝ դու այնքան ես անզգայունացել տրավմայի նկատմամբ, որ բառացիորեն սառել ես կռվի կամ փախուստի մեջ: Երբ կյանքում ինչ-որ բան է պատահել, եւ քեզ հաջողվել է հանգստություն պահպանել, ապագայում դու միշտ կընտրես հանգստությունը»։
Քլոեն ենթադրել է, որ Փարիզում կատարված կողոպուտը նրա համար տրավմատիկ է եղել, ինչից էլ առաջացել է նրա հակվածությունը հանգստության նկատմամբ: Ըստ նրա՝ Քիմը նախկինում «խելագար» էր եւ պայթում էր ամեն մանրուքից։ «Դու երբեք հանգիստ չես եղել որպես դեռահաս: Դու լաց էիր լինում ցանկացած պատճառով: Ամեն ինչ դադարեց այն բանից հետո, երբ քեզ թալանեցին, քանի որ դու հանգիստ մնացիր այդ իրավիճակում եւ նույնիսկ այն ժամանակ ասացիր՝ «Իմ հանգստությունն ինձ օգնեց ապրել»:
«Այսինքն՝ պատկերացրու, որ քո գլխին ատրճանակ են ուղղել, կապել, քարշ տվել հյուրանոցի սենյակում, իսկ այդ տղան, հիշում եմ, ինձ ասաց՝ «հանգիստ մնա, եւ դու կապրես»: Եվ ես այդպես էլ արեցի»,- հիշում է Քիմը,-«Բայց կարծում եմ՝ ես չափազանց հանգիստ եմ դարձել ու, պարզապես, վերածվում եմ լիարժեք ռոբոտի՝ առանց զգացմունքների»:
2016 թվականի հոկտեմբերի 3-ին Քիմ Քարդաշյանին թալանել էին Փարիզի No Address հյուրանոցում՝ Նորաձեւության շաբաթվա ընթացքում։ Դիմակավորված ավազակները կեսգիշերին ներխուժել էին նրա սենյակ եւ գողացել միլիոնավոր դոլարների զարդեր, այդ թվում՝ 4 միլիոն դոլար արժողությամբ մատանին։