Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի (ISW) վերլուծաբաններն իրենց ամենօրյա ամփոփագրում նշում են, որ ռուսական պետական լրատվական պարբերականները մեկնաբանում են ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդեւի հարցազրույցը «Аргументы и факты» թերթին, որում նա ակնարկել է, որ ուկրաինական պետությունը կդադարի գոյություն ունենալ 2034թ.։
Հավանաբար, սա արվում է նրա համար, որ աջակցվեն Կրեմլի ջանքերը ռուսական հասարակությանը երկարատեւ պատերազմի պատրաստելու վերաբերյալ՝ խոստանալով, որ Ռուսաստանը կկատարի ուկրաինական պետականության ոչնչացման իր խնդիրը տասնամյակի ընթացքում, նշել է ISW-ն։
Մեդվեդեւը հայտնել է, որ ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը «իզուր» չի ենթադրել, որ Ուկրաինան կարող է դաշինքի մեջ մտնել առաջիկա տասը տարում, «այսինքն՝ երբեք։ Այդ ընթացքում ՆԱՏՕ-ական ներկա երկրների ղեկավարներից ոչ մեկը պարզապես չի լինի իր պաշտոնում, իսկ ոմանք՝ այս աշխարհում։ Միանգամայն հավանական է, որ չի լինի նաեւ 404 չարաբաստիկ երկիրը»։
Մեդվեդեւը ուղիղ չի ասել, որ Ուկրաինան կդադարի գոյություն ունենալ 2034թ., բայց ռուսական լրատվականները, ներառյալ ՏԱՍՍ-ը, անհապաղ սկսել են հրապարակել նյութեր այսպիսի վերնագրերով՝ «Մեդվեդեւը խոստովանել է, որ Ուկրաինան կդադարի գոյություն ունենալ 2034թ.» եւ «Մեդվեդեւը կանխատեսել է Ուկրաինայի անհետացումը 2034թ.»։
Ռուսական ԶԼՄ-ների արձագանքը մի քանի հետեւանքներ ունի, գրում են ISW-ի վերլուծաբանները։
Նախ՝ ենթադրությունն այն մասին, որ Ռուսաստանը կարող է «ոչնչացնել Ուկրաինան» մինչեւ 20.34թ, կարելի է համարել ինքնատիպ խոստում ռուսական հասարակությանը, որ Ռուսաստանը կարող է հաղթել պատերազմում եւ հասնել իր նպատակներկին ուկրաինական պետականության ոչնչացման գծով տասնամյակի ընթացքում։ Դա նպաստավոր տեղեկատվական պայմաններ եւ հանրային ակնկալիքներ է ստեղծում պատերազմի համար, որը կտեւի էլի մի տասնամյակ, բայց կավարտվի Ռուսաստանի «հաղթանակով»։
Մեդվեդեւի այս մեկնաբանությունը ջնջում է Կրեմլի հայտարարությունները բանակցություններին պատրաստ լինելու մասին եւ ընդգծում, որ պատերազմի միակ արդյունքը, որը ցանկանում է Կրեմլը, ուկրաինական պետության եւ ժողովրդի ոչնչացումն է, կարծում են ինստիտուտի վերլուծաբանները։
Նախագահ Պուտինը, հիշեցնում է ինստիտուտը, ձեւակերպել է իր նպատակները պատերազմում որպես այդպիսին եւ պահանջել, որ ուկրաինական զորքերը հեռանան այն տարածքից, որը ռուսական ուժերը չեն վերահսկում՝ որպես նախապայման ցանկացած բանակցության համար։ «Ոչ Ուկրաինան, ոչ Արեւմուտքը չեն կարող ակնկալել բանակցություններ Ռուսաստանի հետ ռուսական պայմաններով, եթե Ռուսաստանի պայմանները հիմնված են Ուկրաինայի եւ նրա ժողովրդի ոչնչացման վրա»,- նշել է ISW-ն։
Ռուսական պաշտոնատար անձինք շարունակում են օգտագործել դիվանագիտական հանդիպումները եվրոպական պետությունների հետ, որպեսզի տպավորություն ստեղծեն, որ Ռուսաստանը կարգավորում է հարաբերություններն Արեւմուտքի հետ, եւ պնդում են, որ Արեւմուտքը Ռուսաստանին սահմանափակ աջակցություն է ցուցաբերում։
Որպես օրինակ ինստիտուտում բերել են ՌԴ ԱԳ ղեկավար Սերգեյ Լավրովի հանդիպումը հունգարացի գործընկերոջ՝ Պետեր Սիյարտոյի հետ ՄԱԿ-ում հուլիսի 16-ին։
Պուտինը փորձել է Օրբանին ներկայացնել որպես Եվրամիության ներկայացուցիչ, որը լիազորված է խոսել ԵՄ անունից, բայց ԵՄ պաշտոնյաները նշում են, որ Օրբանը չի խոսում ԵՄ անունից։ Նախօրեին Եվրոպական խորհրդարանն ընդունել է բանաձեւ, որը դատապարտում է Օրբանին Ռուսաստան կատարած այցի համար, հիշեցրել է ISW-ն։