ArtNet-ը սկսում է մի նախագիծ, որը նախատեսված է ինտերնետ երիտասարդության համար և կրում է մշակութային բնույթ: Այս մասին YerevanNews.am-ի հետ զրույցում նշեց նախագծի հեղինակներ Վահե Գասպարյանը և Տիգրան Պողոսյանը, հավելելով, որ տվյալ պահին նախագիծը հասանելի է Indiegogo կայքում հետևյալ հղումով:

Նախագծի նպատակն է զվարճալի, ժամանակակից տեղեկատուի միջոցով անցյալի մեծ արվեստագետների մասին տեղեկատվություն փոխանցել և այդ կերպ նպաստել մարդկանց կրթմանը:

«ArtNet-ը լինելու է քառալեզու` հայերեն, ռուսերեն, անգլերեն և իտալերեն: Այն նախևառաջ կտեղադրվի Youtube-ում: Սկզբում նախագիծը հանդես կգա 7 առանձին տեսանյութի մի շարքով` յուրաքանչյուրը մինչև 15 րոպե տևողությամբ: Յուրաքանչյուր տեսանյութը հակիրճ կներկայացնի մեծ արվեստագետներից մեկին, որոնք հաջորդականությամբ ընտրվել են ArtNet-ի կողմից», - նշեցին նրանք, հավելելով, որ այժմ ընտրվել են Ռենեսանսի ժամանակաշրջանի արվեստագետները, մասնավորապես ` Բրյուգելը, Սերվանտեսը, Ռաբլեն, Դանթեն, Տիցիանը, Շեքսպիրը, Դա Վինչին:

Վ. Գասպարյանը նաև նշեց, որ ArtNet-ի կողմից անհրաժեշտ գումարը հավաքելուց հետո, բացի համաշխարհային նշանակության վերոնշյալ 7 հանճարից, նախագծում անպայման տեղ կգտնի նաև մեր հայ մեծերից գուցե և ամենանշանավորը` Մեսրոպ Մաշտոցը:

«Հարկ է նշել, որ սույն նախագիծը նախատեսված է համաշխարհային շուկայի համար և, իհարկե, կոչված է նաև ներկայացնելու մեր հայ հանճարներին լայն հասարակության շերտերին», - պարզաբանեց նա :

Նա նաև նշեց, որ ի պատասխան ֆինանսավորման` Artnet-ը խոստանում է նվիրել և առաքել յուրօրինակ ձեռակերտ և մշակված արտադրանք: «Դուք կարող եք ֆինանսապես աջակցել (սկսած $1-ից) ArtNet նախագծին մինչև սույն թվականի հոկտեմբերի 13-ը: Հենց այդ ֆինանսավորումից ելնելով` ArtNet նախագիծը կկարողանա լիովին կայանալ», - նշեցին նրանք: Նշենք, որ նրանց ֆինանսապես աջակցելու համար հարկավոր է անցնել տվյալ հղումով: (Անցնելով այս հղումով, էջի աջ մասում կտեսնեք Contribute Now կոճակը, սեղմելու դեպքում բացվում է մեկ ուրիշ էջ, որտեղ պետք է  նշեք գումարի չափը, այնուհետև սեղմել Continue կոճակը, որից հետո մեկ այլ էջում բերում է  էլեկտրոնային փոստի հասցեն նշելու պատուհան, որից հետո էլ բացվում է մեկ այլ էջ, որտեղ պետք է  նշել կոնտակտային տվյալներն ու հաշվեհամարը):  

Ծրագրի հեղինակները նաև նշեցին, որ այժմ հավաքվել է միայն անհրաժեշտ գումարի երկու տոկոսը, և ընդամենը մնացել է 18 օր: Պետք է նշենք, որ այս յուրօրինակ նախագծին շատ քչերն են արձագանքել և խորապես չեն էլ ծանոթացել նախագծի բուն էությանը:

Տ. Պողոսյանը նշեց նաև, որ. եթե Artnet-ը հասնի իրենց ֆինանսավորման թիրախին, ապա թիմը պլանավորում է ծավալել հետագա գործունեություն` հեռուստաշոուների և տեսանյութերի քանակների ավելացման տեսքով` այդ կերպ դուրս գալով միջազգային մեդիա շուկա:
«Ֆինանսավորումը հնարավորություն կընձեռի մեր թիմին հասնել մեր նպատակին նշված ժամկետում և հնարավոր դարձնել ամեն տեսակի ընդլայնումը: Այն նաև կծածկի արտադրման, մարքեթինգի, արտադրանքի փորձառման, մշակման և առաքման ծախսերը: Սակայն նախագծին կարելի է աջակցություն ցուցաբերել նաև այն տարածելով», - պարզաբանեցին նրանք:

Տարածման համար նույնպես կարելի է անցնել հետևյալ հղումով:

 

Հ.Գ. Նմանատիպ ծրագրով աշխարհին ներկայանալը մեկ անգամ ևս հնարավորություն կտա մեզ աշխարհին ծանոթացնել մեր հանճարներին և նրանց թողած ժառանգությանը: Հետևաբար, անհրաժեշտ է գիտակից մարդկանց և գործարար հասարակության ուշադրությունը սևեռել այս նախագծին և հնարավորության սահմաններում ֆինանսապես աջակցել: