Փարիզ-2024-ի ուղեգրեր նվաճած, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը եւ Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր Վահագն Դավթյանը Ֆրանսիայի Ռուան քաղաքում ավարտել են երկշաբաթյա ուսումնամարզական հավաքը եւ արդեն Փարիզում են։

Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը Փարիզ-2024-ի ուղեգիրը նվաճել է 2023 թվականի սեպտեմբերի 30-ին Բելգիայի Անտվերպեն քաղաքում անցկացված աշխարհի առաջնությունում բազմամարտում։ Փարիզում նա մասնակցելու է հենացատկի վարժության մրցաշարում։

Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն Վահագն Դավթյանը ուղեգիրը նվաճել է 2024 թ. ապրիլի 19-ին Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացված աշխարհի գավաթի մրցաշարում։ Օղակների վարժության եզրափակիչում 14. 833 միավորով Դավթյանը դարձավ ոսկե մեդալակիր եւ աշխարհի գավաթի 3 փուլերի արդյունքներով արժանացավ օլիմպիական ուղեգրի։