Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին չորեքշաբթի օրը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում և կարելի է առանց չափազանցնելու ասել, որ նրա խոսքի մեծ մասը նվիրված է եղել տարածաշրջանում Ռուսաստանի դերին և նրա ազդեցությունը ԽՍՀՄ նախկին պետությունների, այդ թվում նաև Վրաստանի վրա: Այս մասին նշում է Голос Америки-ն:
Սաակաշվիլին կանխատեսել է «ԿԳԲ-ի նախկին գործակալ Վլադիմիր Պուտինի» շուտափույթ հեռացում Կրեմլից, «Ռուսական կայսրության» ավարտ, «Եվրասիական միություն» նախագծի տապալում, քննադատել է շարունակվող «վրացական հողերի անեքսիան» Ռուսաստանի կողմից, բացատրել է ինչու է Վրաստանը ընդունել չերքեզների ցեղասպանությունը, նկարագրել է Վրաստանի ձեռք բերումները իր կառավարման տարիներին և ներողություն է խնդրել Վրաստանի այն քաղաքացիներից, ում կյանքը չի կարողացել բարելավվել: Նրա ելույթի կեսերին ռուսական պատվիրակությունը ի նշան բողոքի լքել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստերի դահլիճը:
«Մի քանի տարուց Վլադիմիր Պուտինը կհեռանա Կրեմլից, կանհետանա ռուսական քաղաքականությունից: Ռուսաստանի քաղաքացիները նրան կհիշեն որպես հին ժամանակների, կոռուպցիայի և ճնշումների ժամանակների ուրվական: Ոչ մեկ չգիտի արդյոք այդ պրոցեսը կլինի խաղաղ թե բռնությամբ, արդյոք նրա հետևորդը կլինի լիբերալ թե ազգայնական, սակայն կարևորը այն է, որ Ռուսաստանը այն ժամանակ կդադարի լինել կայսրություն և կդառնա նորմալ պետություն»,- ասել է Սաակաշվիլին:
Սաակաշվիլին հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է վրացական հողերի անեքսիան և այդպիսով Վրաստանի թուլացումը: Սաակաշվիլին նշել է, որ նախկին խորհրդային պետությունների Ուկրաինայի, Մոլդովայի, Հայաստանի, Ադրբեջանի հզորացումը Ռուսաստանի համար ձեռնտու չէ:
«Դուք մտածում եք, որ Պուտինը ցանկանում է, որ Հայաստանը հաղթի Ադրբեջանի հետ հակամարտությունում: Ոչ իհարկե: Այն Հայաստանը կդարձնի ուժեղ և պոտենցիալ անկախ: Կամ մտածում եք հակառակը, Մոսկվան ցանկանում է, որ Բաքուն հաղթի Երևանին: Ոչ: Նրանք չեն ցանկանում, որ ոչ մեկն էլ հաղթանակ չտանի, հենց հակամարտությունն էլ նրանց նպատակն է, քանի որ դա խանգարում է ազգերին դառնալ անկախ, արգելափակում է նրանց ինտեգրացիան Եվրամիության հետ»,- այս մասին նշել է Սաակաշվիլին՝ նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:
Սաակաշվիլին հայտարարել է, որ «Եվրասիական միությունը ձևավորվել է որպես այլընտրանք Եվրամիությանը Վլադիմիր Պուտինի կողմից և նրա նոր նախագահական շրջանի հիմնական նախագիծն է»: Նա նաև ավելացրել է, որ Եվրասիական միության գլխին կանգնած են «ԿԳԲ»-ի նախկին գործակալները և նրանց նպատակն է վերականգնել նախկին կայսրությունը:
Սա Սաակաշվիլիի հրաժեշտի ելույթն է եղել Գլխավոր Ասամբլեայի դիմաց, քանի որ ավարտվում է նրա երկրորդ և վերջին նախագահական շրջանը: