«Փաստ» օրաթերթը գրում է. «Մինչ Հայաստանի քաղաքական դաշտը պատրաստվում է հանգստի, իսկ բարձրաստիճան պաշտոնյաների մի մասն արդեն արձակուրդ է վերցրել, Հայաստանում նախատեսվում է ուշագրավ իրադարձություն: Մեր ունեցած տեղեկություններով, օգոստոսի 8-ին Երևանում տեղի կունենա «Հայաստանի և ԵԱՏՄ համագործակցության նոր հորիզոնները. ԲՐԻԿՍ, ՇՀԿ» առաջին միջազգային ֆորումը։
Թերթը պարզեց, որ այդ ֆորումի նախաձեռնողը «Ռուսական գրքի տան» հիմնադիր, Ռուս-հայկական գործարար խորհրդի վարչության նախագահ Մհեր Ավետիսյանն է: Մեր աղբյուրների փոխանցմամբ, ֆորումին նախատեսվում է հազարից ավելի մասնակիցների ներկայություն, այդ թվում՝ արտերկրից:
Նշենք, որ վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախակի են դարձել կարծիքները, որ Հայաստանը պետք է ակտիվացնի իր ներգրավվածությունն այնպիսի կազմակերպությունների միջազգային ինտեգրացիոն գործընթացներում, ինչպիսիք են ԲՐԻԿՍ-ը և ՇՀԿ-ն: Հիշեցնենք, որ ԲՐԻԿՍ-ը հինգ երկրների խումբ է, որի անդամ են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և ՀԱՀ-ը, իսկ ՇՀԿ-ն (Շանհայի համագործակցության կազմակերպություն) եվրասիական քաղաքական, տնտեսական և անվտանգության կազմակերպություն է, որի անդամ երկրներն են Հնդկաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Պակիստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում