Ֆուտբոլի Հայաստանի գավաթակիր «Արարատ-Արմենիան» հուլիսի 23-ին տեւական ուշացումով է Երեւանից մեկնել Քիշնեւ եւ ուշ երեկոյան է հասել մրցավայր։ Վարդան Մինասյանի գլխավորած թիմը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպումը կանցկացնի մոլդովական «Զիմբրուի» հետ։
Երեւանյան ակումբը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ․
«Ի պատասխան մամուլում տեղ գտած ու իրականության հետ աղերս չունեցող հրապարակումների` տեղեկացնում ենք, որ «Արարատ-Արմենիա» ՖԱ ընդհանուր հիմունքներով վաղօրոք ձեռք էր բերել հուլիսի 23-ի` Երևան - Քիշնև չվերթի տոմսերը։
Ակումբի անձնակազմը բոլորի պես ստիպված է եղել մոտ 4.5 ժամ սպասել ու ի վերջո տևական ուշացումով ու փաստացի նախախաղային գրաֆիկի կոպտագույն խախտումով մեկնել Քիշնև, որտեղ թիմը պիտի Հայաստանը ներկայացնի UEFA-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորմնան երկրորդ փուլի առաջին խաղում` հյուրընկալվելով տեղի «Զիմբրուին»:
Այն տեղեկությունները, թե որոշ ուղևորներ մեր պատճառով դուրս են մնացել չվերթից, բացարձակ չեն համապատասխանում իրականությանը։
Խնդրում ենք զերծ մնալ «Արարատ-Արմենիա» ակումբի անունն ավելորդ անգամ շահարկելուց: Ձեր աջակցությունը մեզ համար շատ կարևոր է, միասին մենք կարող ենք»։
«Զիմբրու» - «Արարատ-Արմենիա» հանդիպումը տեղի կունենա հուլիսի 25-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:45-ին։