Իլոն Մասկն ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցությունը համարում է հակասեմական՝ ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի համատեղ նիստում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ելույթում դեմոկրատ շատ օրենսդիրների բացակայության պատճառով։
«Դեմոկրատական կուսակցությունը դարձել է բացահայտ և լկտիաբար հակասեմական», - գրել է նա X-ում: Նա մեկնաբանել է հարթակի օգտատերերի գրառումը, որտեղ ասվում է, որ «Պալատի 212 դեմոկրատներից միայն 100-ը և Սենատի 51 դեմոկրատներից 27-ն» են ներկա եղել Նեթանյահուի ելույթի ժամանակ:
Իսրայելի վարչապետն իր ելույթում, մասնավորապես, կոչ է արել Մերձավոր Արեւելքում ստեղծել անվտանգության դաշինք, որը նման է Եվրոպայում ՆԱՏՕ-ին։ Նա նաև նշել է, որ Իսրայելի ռազմական գործողությունը Գազայի հատվածում կարող է արագ ավարտվել, եթե արմատական ՀԱՄԱՍ շարժումը վայր դնի զենքերը և ազատ արձակի պատանդներին։ Իսրայելն «ակտիվորեն ներգրավված է պատանդների ազատ արձակմանն ուղղված ջանքերում», ասել է նա:
Սա Իսրայելի վարչապետի չորրորդ ելույթն էր ամերիկացի կոնգրեսականների առջև իր քաղաքական կարիերայի ընթացքում։ Վերջին անգամ Նեթանյահուն ելույթ է ունեցել Կոնգրեսի երկու պալատների համատեղ նիստում 2015 թվականի մարտին։