Թուրքիայի և Ռուսաստանի ռազմական գերատեսչությունները բանակցում են Սիրիայի հյուսիսում M-4 մայրուղու համատեղ պարեկությունը չորս տարի անց վերսկսելու շուրջ։ Այս մասին հայտնում է TRT Haber հեռուստաալիքը՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրներին։
«Թուրքիայի զինված ուժերն անհրաժեշտ ջանքեր են գործադրում տարածաշրջանում խաղաղություն և հանգստություն ապահովելու համար և դա կշարունակեն անել նաև ապագայում։ Այս համատեքստում ի սկզբանե խոսում ենք Մ-4 մայրուղու անվտանգությունն ապահովելու անհրաժեշտության մասին։ Այս հարցի շուրջ բանակցությունները զրուցակիցների հետ շարունակվում են»,- նշել են աղբյուրները։
Ավելի վաղ, սիրիական Al Watan թերթը հայտնել էր, որ Անկարան և Մոսկվան, իբր, պայմանավորվել են վերսկսել M-4 մայրուղու աշխատանքը, որն անցնելով Իդլիբ նահանգով՝ կապում է Հալեպը երկրի արևմուտքում գտնվող Լաթաքիայի հետ։