Մանկապարտեզում բռնության դեպքի տեսագրությունը ուղղակի ապտակ է բոլորիս։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով աղմկահարույց տեսանյութին, որում դաստիարակը ծեծի է ենթարկում մանկապարտեզի սանին:


«Այսօր Արմավիրում շուրջ մի տասնյակ նորակառույց, հիմնանորոգված կամ շինարարության մեջ գտնվող մանկապարտեզներ ենք այցելել։ Բնակավայրերի զգալի մասը տարիներով մանկապարտեզ չի ունեցել և երեխաների կրթության այս միջավայրերը իրոք շատ սպասված են։

Հատկապես այդ սպասումը տեսանելի է, երբ շահառու երեխաները պայծառ աչուկներով կանգնած են կողքիդ։ Այդ նույն ընթացքում մեկ այլ՝ գործող մանկապարտեզում բռնության դեպքի տեսագրությունը ուղղակի ապտակ է բոլորիս։


Շենքերը կառուցում ենք, որ այնտեղ երեխաները սիրված լինեն, սպասված լինեն, հասկացված ու գնահատված լինեն։ Մանկավարժությունը սրա մասին է։

Ցավոք, բռնության դեպքերը շատ քիչ են բարձրաձայնվում և ըստ այդմ էլ՝ հետևանք ունենում։ Այս դեպքը բարձրաձայնվեց, կունենա հետևանք։ Նկատենք ու բարձրաձայնենք բռնության մասին, երբ այն տեսնում ենք»,- գրել է նա։