ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել՝ Սահմանադրական դատարանի կողմից ՀՀ օրենսգրքի (1998 թ.) 309.1-ին հոդվածի 3-րդ մասը Սահմանադրությանը համապատասխանեցնելու որոշման առնչությամբ։ Փաստաբանական խումբը մասնավորապես փաստեր է ներկայացրել այն մասին, որ ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի ՍԴ վարույթի քննությունը անցել է խախտումներով:

Մասնավորապես՝ ի սկզբանե վարույթից հեռացրել են Հրայր Թովմասյանին այն պատճառաբանությամբ, որ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Արամ Օրբելյանը Թովմասյանի սանիկն է, այսինքն Թովմասյանը կողմնակալ կարող է լինել:


Սեդա Սաֆարյանն ինքն է հրաժարվել՝ նշելով, որ չի կարող «այս պատմության մեջ մտնել», քանի որ Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի անդամ է եղել ու հիմա էլ չի կարող որպես ՍԴ դատավոր այդ հարցը քննել: Կարճ ասած, քրեական զարգացումներից խուսափել է:

Բայց այդ գործի վարույթի քննությանը մասնակցել է նախկին ՀՔԾ, այսօր՝ Հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրը՝ Դավիթ Խաչատրյանը: Այն պարագայում, երբ Քոչարյանի մասով Մարտի 1-ի գործի կոնկրետ գլխավոր մեղադրողի եղբայրն է, խիստ կողմնակալ անձ:
Ըստ ամենայնի Դավիթ Խաչատրյանին պաշտոն են խոստացել, որ Վճռաբեկ դատարանի ու ՍԴ-ի վերամիավորումից հետո հնարավոր է իրեն ղեկավար պաշտոն տան, դրա համար Խաչատրյանը նման ռիսկի է գնացել:

ՍԴ վարույթի քննությանը մասնակցել է նաև Վահե Գրիգորյանը, որը նույնպես Մարտի 1-ի գործով կողմ է, մեղադրող կողմ, երկար տարիներ զբաղվել է այդ գործով և ունի կողմնակալ դիրքորոշում: Նա էլ այդպիսի քայլի է գնացել թերևս
այլ պաշտոնի խոստման դիմաց. պիտի Եվրադատարան գնա:

Կարճ ասած, հասարակությանը մոլորեցնելու համար նորից մարտի 1-ի արյունալի էջն է փորձում վերաբացել Նիկոլ Փաշինյանը, բայց ոչ թե գործը քննելու, այլ խիստ վիճահարույց գործընթացներ նախաձեռնելով: Քոչարյանի շուրջ կատարվողը կարելի է բնորոշել ամեն ինչ. քինախնդրություն, վրեժխնդրություն, կամայական արդարադատություն, բայց ոչ երբեք Մարտի 1-ի բացահայտում: Հիշեցնենք, որ անցնող 6 տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ի 10 զոհերից որևէ մեկի սպանությունը այդպես էլ չբացահայտեց: