Իսրայելը դիտարկում է Իրանին առաջինը հարվածելու հնարավորությունը, որը կարող է գրոհել իսրայելական տարածքը դրոններով եւ հրթիռներով ՀԱՄԱՍ-ի քաղաքական ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունից հետո։ Այս հարցը քննարկվել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի եւ բանակի ու հատուկ ծառայությունների ղեկավարության օգոստոսի 4-ին անցկացված խորհրդակցությունում, Ynet պորտալին պատմել են իրազեկ աղբյուրները։
Խորհրդակցությանը ներկա էին պաշտպանության նախարար Յոավ Գալանտը, Գլխավոր շտաբի պետ Գերցի Հալեւին, «Մոսադ» հետախուզության ղեկավար Դավիթ Բարնեան եւ Ընդհանուր անվտանգության ծառայության (հակահետախուզության) ղեկավար Ռոնեն Բարը։ Ինչպես գրում է Ynet-ը, ընդունվել է որոշում, որ Իսրայելն առաջինը կհարվածի Իրանին, բայց միայն այն բանից հետո, երբ Թել Ավիվն ունենա հետախուզական տվյալներ, որոնք կապացուցեն Թեհրանի գրոհի անխուսափելիությունը։ Այդ հարվածի նպատակը կլինի Թեհրանին զսպելը հետագա թեժացումից։
Առայժմ Թել Ավիվում չգիտեն, թե ինչ սպասեն Իրանից ու նրա դաշնակիցներից տարածաշրջանում, ուստի քննարկում են պատասխանի «լայն տարբերակների հնարավորությունը», պատմել են The Times of Israel-ի աղբյուրները։
NBC-ի տվյալներով՝ Իրանի ղեկավարությունը պատրաստվում է բազմօրյա գրոհի, որի օգնությամբ Իրանը կփորձի հյուծել Թել Ավիվին։ Այս ֆոնին անվտանգության իսրայելական ծառայությունը (ՇԱԲԱԿ) պատրաստել է ստորգետնյա բունկեր Երուսաղեմում, որտեղ կթաքնվի երկրի բարձրագույն քաղաքական ղեկավարությունը պատերազմ սկսվելու դեպքում, գրել է Walla-ն։
ԱՄՆ-ը կարծում է, որ գրոհն Իսրայելի դեմ կսկսվի երկուշաբթի, օգոստոսի 5-ին։ Այս մասին G7-ի ԱԳՆ ղեկավարների հետ հեռախոսազրույցում հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, Axios պորտալին պատմել են երեք իրազեկ աղբյուրներ։ Բլինքենը նշել է, որ Վաշինգտոնը տեղեկություն չունի, թե ինչ ձեւ է ունենալու հարվածը։ Նրա խոսքով՝ այդ գրոհի հետեւանքների սահմանափակումը համատարած պատերազմի կանխման լավագույն հնարավորությունն է։
Պետդեպարտամենտի ղեկավարը նշել է, որ ԱՄՆ-ը ջանքեր է գործադրում, որպեսզի առավելագույն չափով սահմանափակի գրոհներն ու զսպի Իսրայելի պատասխանը։ Այս առնչությամբ Բլինքենը «յոթնյակի» գործընկերներին խնդրել է դիվանագիտական ճնշում գործադրել Իրանի եւ Իրայելի վրա։
Լարվածությունը Մերձավոր Արեւելքում հասել է բարձրակետին հուլիսի 31-ին Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի զոհվելուց հետո։ Տարբեր տվյալներով՝ նա զոհվել է ուղիղ հրթիռային հարվածից կամ պայթուցիկի գործադրվելուց հետո իր տանը։ Իրանը, ՀԱՄԱՍ-ը եւ «Հեզբոլլահը» պատասխանատվությունը դրել են Իսրայելի վրա եւ խոստացել պատասխանել։ Թել Ավիվը պաշտոնապես չի հաստատել իր հանցակցությունը միջադեպին։