Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ներկայացրեց, թե ինչ է իրենից ներկայացնում նախագահի հրամանով ստեղծված սահմանադրական բարեփոխումներ իրականացնող հանձնաժողովը: Նա պարզաբանեց, որ այն արդեն ստեղծվելէ և դրա շուրջ կանցկացվեն մի քանի նիստեր: «Մամուլի հաղորդագրությունները փակ են: Յուրաքանչյուր շաբաթ հրավիրվում են նիստեր, որտեղ կծանոթանաք, թե որոնք են այն թիրախային խնդիրներն ու հարցերը, որոնց վերաբերյալ խումբը պայմանավորվածություն է ձեռք բերել, կատարել է աշխատանքի բաժանում: Հետո յուրաքանչյուրը կզեկուցի այդ հարցի վերաբերյալ խնդիր, հնարավոր լուծումներ, առաջարկություններ: Մինչև եկող տարի ապրիլը մենք ունենք հայեցակարգ մշակելու ժամանակ»,- ասաց նախարարը:
Շարունակելով միտքը` նախարարը լրագրողների ուշադրությանը հրավիրեց այն հանգամանքին, որ հանձնախումբը խորհրդատվական մարմին է: «Այնպես չի որ ինչ որոշվեց, այդպես էլ լինելու է: Այն ներկայացվելու է նախագահին, և նա է այդ պարագայում մեր սուբյեկտը, ով իրավունք ունի կամ նախաձեռնելու կամ ընդհանրապես ոչինչ չանելու: Խոսքն այս փուլում ընդամենը մասնագիտական, աշխատանքային խմբի մասին է»,- հավելեց Թովմասյանը:
Նախարարը հերքեց այն կարծիքը, որ սահմանադրական այս բարեփոխումները որևէ կապ ունեն Մաքսային միություն մտնելու հետ:
Լրագրողի այն հարցին, թե արդյոք ճիշտ է վերջերս մամուլում տարածված այն լուրը, որ Հանրապետությունում գործելու է Խորհրդարանական կառավարման համակարգ, նախարարը պատասխանեց. «Մամուլն ընդհանրապես ամեն ինչ է արել` կանխատեսել ա, ինձ գործից հանել ա, նշանակելա: Երբ խոսում ենք պատասխանատվության մասին, դա վերաբերում է նաև մամուլին: Ես դադարել եմ արդեն այդ գուշակություններով զբաղվել»: Նա նաև հավելեց, որ նախագահն արդեն լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդ հարցերին պատասխանել է: